Խախտվել են Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների երաշխիքները. ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Խախտվել են Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների երաշխիքները. ՄԻՊ

2022-02-10 13:21 , Право, 409

Խախտվել են Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների երաշխիքները. ՄԻՊ

2022թ. փետրվարի 1-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ) են դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբաններ Երեմ Սարգսյանը և Արսեն Սարդարյանը՝ նշելով, որ իրենց վստահորդի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում, ինչպես նաև որ վտանգված է նրա անձնական ազատության իրավունքը: Ըստ փաստաբանների՝ հետապնդումը կապված է դատավորի կողմից իր վարույթում գտնվող գործով անձին «ակնհայտ ապօրինի կալանավորելու կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու» հետ, բայց իրականում հարցը կապված է մեկ այլ գործով անձին կալանքից ազատելու Բ.Բախշիյանի որոշման հետ:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ փաստաբանների բողոքից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ. ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությամբ պարզաբանումներ են պահանջվել փաստաբաններ բարձրացված հարցերի առնչությամբ, տեղի է ունեցել քննարկում փաստաբանի հետ, ուսումնասիրվել է ՀՀ դատավորների միության նախագահի հայտարարությունը:

Այնուհետև, նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ: Պաշտպանի աշխատակազմը մանրամասն հետևել է դատավորի հետ կապված իրադարձությունների զարգացմանը:

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. փետրվարի 7-ի որոշմամբ դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում Բորիս Բախշիյանի փաստաբաններ Երեմ Սարգսյանի և Արսեն Սարդարյանի հետ:

Քննարկումից հետո՝ նույն օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, տեղի է ունեցել առանձնազրույց Բորիս Բախշիյանի հետ:

Փետրվարի 7-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պատշաճ ստացվել և ուսումնասիրվել են նաև ՀՀ գլխավոր դատախազության պատասխան գրությունը, ինչպես նաև ուսումնասիրվել է Գլխավոր դատախազության փետրվարի 1-ի հրապարակային հայտարարությունը Բ.Բախշիյանի գործի վերաբերյալ:

Ուսումնասիրվել է նաև Դատավորների միության փետրվարի 2-ի հայտարարությունը՝ առաջ քաշված մտահոգություններով:

Բ․ Բախշիյանի իրավունքների վերաբերյալ իր դիրքորոշումները ներկայացնելուց առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ պարզաբանում է, որ սույն հայտարարությունը չի վերաբերում ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով Բորիս Բախշիյանին առաջադրված մեղադրանքի փաստերին ու դրանց նկատմամբ իրավական կանոնների կիրառությանը:

Ըստ այդմ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավական վերլուծությունն ու դիրքորոշումները հանգում են հետևյալին.

1. Նախ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Բորիս Բախշիյանի և նրա փաստաբանների դիմումների, վերջիններիս հրապարակային հայտարարությունների, իրեն ներկայացված նյութերի հիման վրա վեր է հանել առանցքային իրավական հարց:

Մասնավորապես, Բորիս Բախշիյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ. ակնհայտ ապօրինի կալանավորելը կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այս ձևակերպումից ակնհայտ է, որ նշված հոդվածը որևէ մեկի մեղսագրելու համար անհրաժեշտ է, որպեսզի կալանավորումը կամ կալանքի տակ պահելը լինի ակնհայտ անօրինական, այսինքն՝ ակնհատորեն խախտի օրենքը կամ հակասի օրենքին:

Այլ կերպ ասած, Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով ամրագրած հանցակազմի հիմքում անձին կալանավորած կամ կալանքի տակ պահած անձի արարքների օրինականությունն այդ հանցակազմի առկայության անհրաժեշտ ու պարտադիր պայման է. առանց օրինականության հարցին պատասխան տալու նման հոդվածով հիմնավոր կասկածի առկայության մասին խոսք լինել չի կարող:

Կոնկրետ գործի տեսանկյունից սա նշանակում է, որ Բորիս Բախշիյանին Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով նախատեսված արարքի մեջ մեղադրելու համար նրան քրեական հետապնդման ենթարկելու և ազատությունից զրկելու վերաբերյալ բոլոր փաստաթղթերում պետք է ցույց տրվի, որ նա թույլ է տվել անօրինական արարքներ, որոնք էլ հանգեցրել են նրա կողմից անօրինական դատական ակտ կայացնելուն:

Ըստ այդմ, Բ.Բախշիյանի վերաբերյալ ԲԴԽ-ի երկու որոշումների ուսումնասիրությունից բխում է, որ ԲԴԽ-ն, հանդես գալով՝ որպես դատարան,քննարկել է Բորիս Բախշիյանի արարքները հենց նաև օրինականության տեսանկյունից և իր որոշման հիմքում դրել է հենց օրինականության հետ կապված հարցերը (մեկ այլ գործով մեղադրյալի լսվելու իրավունքը խախտելը և այլն):

Հենց օրինականության տեսանկյունից են դատավոր Բորիս Բախշիյանի արարքները քննարկված նաև ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փետրվարի 7-ին ուղարկված պաշտոնական պարզաբանումներում:

Ավելին, Բ.Բախշիյանը և նրա փաստաբանները (փաստաբանները նաև այս մասին տվել են հրապարակային հարցազրույցներ) Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել են լրացուցիչ փաստական տվյալներ, որոնցից բխում է, որ քննիչը ԲԴԽ-ի որոշումներից հետո դատարան ներկայացված կալանքի իր միջնորդության հիմքում դրել է հիմնավորումներ, որոնք վերաբերում են Բ.Բախշյանի արարքների և նրա կայացրած ակտի օրինականությանը:

Միևնույն ժամանակ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կալանք կիրառելու փետրվարի 7-ի որոշմամբ արձանագրված է, որ դատարանը Բորիս Բախշիյանի դատական ակտի օրինականությունը քննարկման հարց չի դարձրել և այս հիմքով չի անդրադարձել պաշտպանական կողմի այն առարկություններին, որ Բ.Բախշիյանը գործել է օրենքի սահմաններում:

Բայց դատարանը ողջամիտ և իրատեսական է համարել, որ Բորիս Բախշիյանը գործել է բարեխողճորեն, անկախ և անաչառ, բայց դրանք բավարար չի համարել հիմնավոր կասկածն ի սկզբանե բացառված համարելու համար և հաղահարված է համարել հիմնավոր կասկածի նվազագույն շեմը:

Սա նշանակում է, որ մի կողմից առաջին ատյանի դատարանը Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի հիմքի՝ օրինականության հարցի մեջ ընդհանրապես չի մտել, մյուս կողմից, չբաառելով հիմնավոր կասկածի առկայությունը և հաղթահարված համարելով դրա նվազագույն շեմը, ըստ էության արձանագրել է, որ կարող է լինել անօրինականության հարց: Ընդ որում, այս եզրահագնումները դատարանը շարադրել է ոչ թե հաստատակամ, այլ հավանական դատողություններով:

Նման պայմաններում ողջամիտ դիտորդի մոտ առաջ է գալիս հարց՝ ինչպե՞ս դատարանը որոշեց, որ հիմնավոր կասկածը բացառված չէ և հաղթահարված է նվազագույն շեմով, այսինքն որ Բորիս Բախշյանն ակնհայտ անօրինական արարք է թույլ տվել, երբ այդ հարցի մեջ չի մտել առհասարակ:

Սա էլ այն դեպքում, երբ ԲԴԽ-ն համաձայնություն տալու որոշումներով օրինականության հարցը քննարկման արժանացրել է և նույն տեսանկյունից հարցը քննարկել է նաև քրեական հետապնդման մարմինը:

Թե՛ Բորիս Բախշիյանը, թե՛ նրա փաստաբանները շարունակում են պնդել, որ միայն Բ.Բախշիյանի արարքների օրինականությունը քննարկելով նրա նկատմամբ կալանք կիրառած դատարանը կարող է որոշել հիմնավոր կասկած առկա է, թե ոչ:

Ավելին, Բորիս Բախշիյանը քրեակատարողական հիմնարկում Մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցում նշել է, որ իրեն կալանավորած դատավորը չի մտել օրինականության հարցի մեջ, քանի որ դա կնշանակեր իրավական վեճի քննարկում, որն էլ պարզ կդարձներ, որ այդ հարցը ենթակա է Քրեական վերաքննիչ դատարանի քննությանը, եթե իր ակտի դեմ սահմանված կարգով տարբեր բողոք: Այսինքն՝ դատարանը չէր կարող մտնել օրինականության հարցի մեջ, քանի որ կապացուցեր, որ քրեական հետապնդման հիմքը բացակայում է, բայց մյուս կողմից դատարանը ստիպված է դա արել, որպեսզի ստեղծի իրեն կալանավորելու հիմք:

2.Բորիս Բախշիյանը ՔԿՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ 2022թ. հունվարի 30-ին իրեն զանգահարել են Բարձրագույն դատական խորհրդից և հրավիրել Երևան, բայց որևէ պատճառ կամ պարզաբանում չեն նշել:

Հաջորդ օրը՝ հունվարի 31-ին Երևան հասնելուն պես գնացել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ ցերեկը ժամը 11-12-ի սահմաններում:

ԲԴԽ-ում փորձել է պարզել, թե ինչու է հրավիրվել, սակայն պատասխան չի ստացել:

Ըստ Բորիս Բախշիյանի` թեև ՀՀ դատական օրենսգրքի 65-րդ հոդվածն ամրագրում է, որ դատավորն ունի անհապաղ ընդունելության իրավունք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և մյուս անդամների մոտ, սակայն ընդունելության չի արժանացել՝ չնայած իր խնդրանքին:

Բ.Բախշիյանի պնդմամբ, սա ավելի է նպաստել իր համար իրավիճակի անորոշությանը:

3. ԲԴԽ-ում մոտ 1 ժամ սպասելուց հետո՝ ժամը 12-13-ի սահմաններում իրեն են տրամադրել ՀՀ գլխավոր դատախազի երկու միջնորդություններ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու և իրեն ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ՝ կից նյութերով, ու նշել են, որ նույն օրը տեղի է ունենալու ԲԴԽ նիստ այդ միջնորդությունների կապակցությամբ: Հավելյալ որևէ այլ տեղեկություն չի տրամադրվել:

Ընդ որում, Բ.Բախշիյանը հատուկ է ընդգծել, որ ինքը հրավիրվել է ԲԴԽ հունվարի 30-ին, բայց Գլխավոր դատախազի միջնորդությունները ԲԴԽ են մուտքագրվել հունվարի 31-ին, դրանք նաև թվագրված են հունվարի 31-ով:

Ըստ Բ.Բախշիյանի՝ սա նշանակում է, որ նախապես ԲԴԽ-ում իմացել են, թե ինչու են իրեն հրավիրում Երևան: Չնայած դրան՝ իր իրավունքներին վերաբերող կարևոր տեղեկություններն այն մասին, որ իր նկատմամբ հաջորդ օրը քննվելու են քրեական հետապնդում հարուցելու ու ազատությունից զրկելու համաձայնություն տալու Գլխավոր դատախազի երկու միջնորդությունները, իրենից պահել են գաղտնի:

Բորիս Բախշիյանի պնդմամբ՝ դրանով ԲԴԽ-ն իրեն զրկել է իր իրավունքների պաշտպանությանը նախապատրաստվելու ժամանակից ու հնարավորությունից՝ ոտնահարելով արդար դատաքննության ու անձնական ազատության իրավունքների երաշխիքները:

4. Բ. Բախշիյանը և փաստաբանը նշել են, որ ԲԴԽ-ն առաջին միջնորդության քննարկումը՝ կապված քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հետ, սկսել է հունվարի 31-ին՝ ժանը 17-18-ի սահմաններում:

Այսինքն՝ ԲԴԽ-ի երկու նիստերին նախապատրաստվելու համար Բորիս Բախշիյանն ունեցել է ընդամենը մի քանի ժամ, մինչդեռ, ինչպես նշում են Բ.Բախշիյանը և փաստաբանները, քրեական հետապնդման մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քրեական հետապնդման գործողություններ կատարել է հունվարի 11-ից սկսած, իսկ ԲԴԽ-ն էլ նախապես իմացել է այդ մասին:

Նման պայմաններում ստացվում է՝ պաշտպանության կողմը եղել է անհավասար վիճակում՝ զրկված լինելով իր իրավունքների պաշտպանության համար նախապատասրտվելու բավարար ժամանակից ու հնարավորություններից:

5. Դատավոր Բորիս Բախշիյանն իր հետ առանձնազրույցի ընթացքում նշել է, որ չնայած ժամանակի սղությանը և դրանով պայմանավորված՝ դժվարություններին, այդուհանդերձ, ԲԴԽ է հրավիրել փաստաբան և վերջինիս հետ միասին մասնակցել նիստին:

Այդ նիստը՝ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցով, ավարտվել է հունվարի 31-ին՝ ժամը 23-ի սահմաններում:

Դրանից հետո, ըստ Բ.Բախշիյանի և նրա փաստաբանների` հայտարարվել է 10-15 րոպե տևողությամբ ընդմիջում՝ մինչև ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցի քննարկումը:

Ընդ որում, Բ.Բախշիյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում նշել է, որ ԲԴԽ-ին ինքը տեղեկացրել է, որ առաջին հարցից հետո մինչև երկրորդ՝ ազատությունից զրկելու հարցով նիստն իր պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու և անակնկալի եկած վիճակից կարճ հանգստի համար 10-15 րոպեն բավարար ժամանակ չէ: Դրանից բացի, ինքը ցանկանում է հրավիրել ևս մեկ փաստաբան, ինչը գիշերը ժամը 23-ի սահմաններում հնարավոր չէ ԲԴԽ-ի հայատարարած ժամանակահատվածում ապահովել:

Ըստ Բ. Բախշիյանի և նրա փաստաբանների՝ ԲԴԽ-ն ձևական պատճառաբանությամբ մերժել է խնդրանքը՝ նշելով, որ տրամադրված ժամանակն ընդամենը հայտարարված կարճատև ընդմիջումն է:

Այս առնչությամբ, Բ.Բախշիյանը Մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում նշել է, որ քանի որ առաջին նիստն ավարտվել է հունվարի 31-ին՝ ժամը 23-ի սահմաններում, այդ գիշեր ժամանակ օբյեկտիվորեն հնարավոր չէր այլ փաստաբան հրավիրել ու առավել ևս 10-15 րոպեի ընթացքում:

Անգամ եթե կարողանար փաստաբան գտնել, ապա փաստաբանը չէր հասցնի ծանոթանալ գործի մանրամասներին ու նյութերին:

Բ.Բախշիյանը նշել է, որ ինքը նույնպես չի ունեցել իր իրավունքների պաշտպանությանը այդ կարճ ընդմիջման ընթացքում անձամբ պատշաճ պատրաստվելու հնարավորություն:

6.Բորիս Բախշիյանի տեղեկացմամբ՝ իրեն ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցով ԲԴԽ նիստն ավարտվել և որոշումը հրապարակվել է արդեն փետրվարի 1-ին՝ գիշերը ժամը 1-ի սահմաններում:

7.Քրեական հետապնդմանը մարմինը մեղադրանքն առաջադրել է փետրվարի 1-ին և նույն օրն էլ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան քննիչը ներկայացրել է կալանքի միջնորդությունը:

8.Փաստաբանների և Բորիս Բախշիյանի բարձրացրած մյուս հարցը վերաբերում է Բ.Բախշիյանի նկատմամբ փաստացի քրեական հետապնդում իրականացնելուն և հետևաբար՝ մեղադրանքի ու կալանավորման իրավաչափության բացակայությանը:

Նախ, նրանք նշել են, որ թեև ԲԴԽ-ն դիրքորոշում է հայտնել, որ դատավորի նկատմամբ քրեական գործ կարող է հարուցվել միայն քրեական հետապնդում հարուցելու ԲԴԽ-ի համաձայնությունից հետո՝ որպես դատավորի իրավունքների երաշխիք, Բորիս Բախշիյանին այդ համաձայնությունից հետո քրեական գործի հարուցման որոշում չի տրամադրվել: Ըստ բողոքների՝ ԲԴԽ-ն ազատությունից զրկելու նիստի ընթացքում նույնպես այդ հարցը չի բարձրացրել և քրեական հետապնդման մարմնից այն չի պահանջել:

Ըստ այդմ, Բ.Բախշիյանը նշել է, որ սա նշանակում է, որ քրեական գործ հարուցելու որոշումը կա՛մ կազմվել է նախապես՝ մինչև ԲԴԽ-ում առաջին նիստը սկսվելը, կա՛մ կազմվել է առաջին և երկրորդ նիստերի միջև 10-15 րոպե ընդմիջման ընթացքում, կա՛մ քրեական գործ հարուցելու մասին որոշումը կազմվել է ԲԴԽ երկրորդ նիստից, այսինքն՝ ազատությունից զրկելու համաձայնությունը տալուց հետո:

Միևնույն ժամանակ, Բորիս Բախշիյանը նշել է, որ ինքը բացառում է, որ ընդմիջման ընթացքում կազմված լիներ նման որոշում, քանի որ չի եղել դրա տեխնիկական կամ կազմակերպական հնարավորություն և, դրանից բացի էլ, ինքը չի նկատել դա:

9.Արդար դատաքննության, մասնավորապես՝ պաշտպանության իրավունքի և անձնական ազատության իրավունքի վրա էական բացասական ազդեցություն ունեցող գործոն է այն, որ, ինչպես պնդել են փաստաբանները և հենց Բորիս Բախշիյանը, քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին ԲԴԽ-ի որոշումը ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցը քննարկելուց առաջ պաշտպանության կողմին չի տրամադրվել:

Այսինքն՝ պաշտպանության կողմը չի տիրապետել այն հանգամանքներին կամ այն հիմնավորումներին, որոնցով ղեկավարվել է ԲԴԽ-ն քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալիս և որոնց հիման վրա էլ սկսվել է ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցի քննարկում:

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում նշել՝ այն, որ Գլխավոր դատախազի միջնորդությունները Բորիս Բախշիյանին տրվել են ԲԴԽ նիստից [մի քանի ժամ] առաջ, ընդունելի պատճառաբանություն չի կարող լինել, քանի որ խոսքը վերաբերում է համաձայնություն տալու որոշմանը, որն ունի այլ նշանակություն:

Ավելին, պաշտպանության կողմի պնդմամբ՝ ԲԴԽ-ի երկու նիստերի արդյունքներով որոշումներն իրենք չեն ունեցել նաև Բորիս Բախշիյանին մեղադրանք առաջադրելու ժամանակ՝ փետրվարի 1-ին` ժամը 17-ին: Դրանից հետո՝ ժամը 17:30-ին տեղի է ունեցել Բորիս Բախշյանի հարցաքննությունը. այդ ժամանակ նույնպես չեն ունեցել ԲԴԽ-ի որոշումները:

Այդ որոշումները ստացել են միայն այն ժամանակ,երբ հարցաքննությունից հետո քննիչը կալանքի միջնորդության հետ միասին կից նյութերը հանձնել է պաշտպանության կողմին:

Մարդու իրավունքների պաշտպանի համար գլխավոր խնդիրն այստեղ այն է, որ պաշտպանության կողմը ԲԴԽ-ի որոշումները ստացել է ոչ թե հենց ԲԴԽ-ից, այլ քրեական հետապնդման մարմնից:

Ստացվում է՝ ԲԴԽ-ն քրեական հետապնդման մարմնին իր որոշումները տրամադրել է, իսկ պաշտպանության կողմին՝ ոչ:

Այսինքն՝ Բորիս Բախշիյանը իր իրավունքների նկատմամբ էական միջամտություն ենթադրող որոշումները դրանք կայացնող մարմնից չի ստացել:

Մարդու իրավունքների պաշտպանի համար այստեղ կարևոր է նաև այն, որ խոսքը գործող դատավորի և այնպիսի մարմնի [ԲԴԽ] մասին է, որը Սահմանադրությամբ կոչված է երաշխավորելու դատարանների և դատավորների անկախությունը:

Իրականում, ԲԴԽ-ն պարտավոր էր պաշտպանության կողմին տրամադրել իր կայացրած որոշումները՝ Բ.Բախշյանի արդար դատաքննության ու անձնական ազատության իրավունքներն առավելագույն երաշխավորելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանի համար կոնկրետ իրավիճակի պայմաններում ընդունելի չէ որևէ ձևական փաստարկ, թե օրենքը նման պարտավորություն չի ապահովում: Որևէ ձևական պաշտոնական ընթացակարգ կամ դրա բացակայությունը չի կարող խոչընդոտ լինել մարդու սահմանադրական իրավունքի ու դրա իրականացման իրական պայմանների համար:

Մարդու իրավունքների պաշտպանը համաձայն է փաստաբանների և Բորիս Բախշիյանի այն պնդմանը, որ այս պայմաններում չեն ունեցել իրենց պաշտպանությունը պատշաճ նախապատրաստելու ժամանակ և հնարավորություն, այդ թվում՝ կապված ազատությունից զրկելու հետ: Խոսքը վերաբերում է մինչև քննիչի կողմից այդ որոշումներն իրենց հանձնելուն:

Այստեղ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հիշատակել Լևիկ Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0136/11/11 որոշումը, որի 31-րդ կետը հղում անելով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք պետության սահմանափակված լինելու սահմանադրական պահանջին, արձանագրում է, որ անմիջականորեն գործող իրավունքը չի կարող լինել վերացական:

Ընդ որում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հաստատված դատական պրակտիկայի պահանջ է, որ Եվրոպական կոնվենցիան երաշխավորում է ոչ թե տեսական ու պատրանքային, այլ գործնականում և արդյունավետ գործող իրավունքներ (օրինակ՝ Արտիկոն ընդդեմ Իտալիայի (Artico v. Italy) գործով վճիռը, 1980թ. մայիսի 13, կետ 33):

10. Նշվածով հանդերձ, Բ. Բախշիյանը և նրա փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել են պնդումներ այն մասին, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ լիարժեք ծավալով քրեական հետապնդում է իրականացվել. մեղադրական բնույթի բոլոր ապացույցները ձեռք են բերվել մինչև ԲԴԽ նիստը՝ հունվարի 11-ից սկսած:

Դիմողներն իրենց այս պնդումը հիմնավորում են նրանով, որ ԲԴԽ որոշումներից հետո մինչև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 7-ի որոշումը, որով կալանավորվել է Բորիս Բախշիյանը, քրեական հետապնդման մարմինը որևէ նոր գործողություն չի իրականացրել:

Այլ կերպ ասած՝ ԲԴԽ-ի որոշումների և Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանք կիրառած դատարանի որոշումների միջև ընկած ժամանակահատվածում հիմնավոր կասկածը կամ կալանքի հիմքերը հարստացնող գործողություններ քրեական հետապնդման մարմինը չի արել:

Այս պայմաններում ստացվում է, որ դիմողների պնդումները վերաբերում են նրան, որ այս կերպ փաստացի զրոյացվել է դատավորին անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ սահմանադրությամբ նախատեսված երաշխիքը և ԲԴԽ նիստերը կրել են ձևական բնույթ ու դատավորի իրավունքների պաշտպանության նպատակին չեն ծառայել: Մինչդեռ, ինչպես ամրագրել է ՀՀ վճռաբեկ դատարանը Անահիտ Սաղաթելյանի վերաբերյալ թիվ ԳԴ5/0022/01/10 գործով 2011թ. հոկտեմբերի 20-ի որոշման մեջ, դատավորի անձեռնմխելիությունը դատական իշխանության անկախության հանրային երաշխիք է և դա ամրագրող սահմանադրական նորմերը հետապնդում են գերակա իրավական նպատակ:

Դրանից բացի, փաստաբանները, հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին, բողոքներով նշել են, թե փաստացի քրեական հետապնդման մասին է վկայում նաև այն, որ մինչև քրեական գործ հարուցելը քրեական հետապնդման մարմինն ունեցել է տվյալներ, որոնք իրենց տվել են Բորիս Բախշիյանին այն արարքի մեջ կասկածելու հիմքեր, որը հիմա նրան մեղսագրված է:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ այս հարցը էական նշանակություն ունի անձի արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից, ուստի պետք է արժանանա մանրամասն ստուգման քրեական վարույթի ընթացքում:

11.Բ. Բախշիյանը բարձրացրել է մեկ այլ խնդիր, որ կապված է քրեական հետապնդման հետ:

Մասնավորապես, ըստ նրա՝ ԲԴԽ-ն հիմնավոր կասկածի առկայության հարցին դրական պատասխան տալիս հղում է արել ցածր շեմի, այն է՝ որ «ողջամիտ դիտորդի մոտ գոյության իրավունք ունի այն վարկածը, որ դատավորը հնարավոր է որևէ առնչություն ունի իրեն վերագրվող արարքին, և որ այդ վարկածը պետք է արժանանա բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության»:

Ըստ դիմողի՝ վարկածը չի կարող համարվել իրավական կատեգորիա, իսկ նման ձևակերպումն էլ հիմք դառնալ քրեական հետապնդում հարուցելու և առավել ևս ազատությունից զրկելու համաձայնություններ տալու համար: Ըստ Բ.Բախշիյանի և նրա փաստաբան Երեմ Սարգսյանի՝ վերջին դեպքում առհասարակ խնդրահարույց է, թե վարկածի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ինչ կապ ունի ազատությունից զրկելու հետ:

12. Փաստաբանները և Բորիս Բախշիյանը բարձրացրել են նաև հարց այն մասին, որ դատախազը չի բողոքարկել Բ.Բախշիյանի այն դատական ակտը, որով նա կալանք է կիրառել այլ անձի նկատմամբ ու որի համար նա հետապնդվում է: Ըստ դիմողների՝ սա նշանակում է, որ տվյալ գործին մասնակից մեղադրող դատախազը չի համարել, թե Բ.Բախշիյանի կայացարած կալանքի դատական ակտն անօրինական է:

ՀՀ դատախազությունը Մարդու իրավունքների պաշտպանին պաշտոնապես պարզաբանել է, որ քանի որ այդ որոշումն արդեն իսկ բողոքարկված է եղել Քրեական վերաքննիչ դատարան փաստաբանի կողմից, մեղադրող դատախազն այլևս բողոք չի ներկայացրել:

Այստեղ ուշագրավ է «Դատախազության մասին» ՀՀ օրենքը, որի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որը, իր կարծիքով, հիմնավոր չէ կամ ապօրինի է:

Այս պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանն ընդունելի չի համարում Դատախազության պատճառաբանությունը գործին մասնակից մեղադրող դատախազի կողմից Վերաքննիչ դատարան բողոք չտանելու հարցի վերաբերյալ:

Ակնհայտ է, որ Դատախազության նման մեկնաբանությունն առհասարակ կասկածի տակ է դնում դատական ակտերը բողոքարկելու Դատախազության իրավասությունը:

Ուստի, Դատախազությունը պետք է տա բովանդակային պատասխան, իսկ եթե իսկապես անօրինական է համարում Բորիս Բախշիյանի դատական ակտը, ապա գործին մասնակցող դատախազը պետք է պատասխանատվության ենթարկված լիներ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի պահանջը՝ որպես օրենքով նախատեսված պարտադիր կանոն, չկատարելու համար:

13. Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ վերը նշված բոլոր խնդիրները բնույթով այնպիսն են, որ հանգեցրել են Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների սահմանադրական ու միջազգային երաշխիքների խախտումների:

Մանրամասն քննության պետք է արժանանան նաև Բորիս Բախշիյանի և նրա փաստաբանների այն պնդումները, որոնք բնույթով այնպիսին են, որ կարող են պարզվել քրեական վարույթի շրջանակում և խնդրահարույց են մարդու իրավունքների տեսանկյունից:

14. Մարդու իրավունքների պաշտպանին փաստաբան Երեմ Սարգսյանը ուղղել է մեկ այլ հարց. ըստ նրա՝ ակնհայտ է, որ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների միջև գոյություն ունի շահերի բախում: Այս հարցը բարձրացրել է նաև դատավոր Բորիս Բախշիյանը:

Հարցն այն է, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանքի որոշում կայացրած դատավորի հայրը պաշտոնավարում է՝ որպես դատավոր Քրեական վերաքննիչ դատարանում: Ճիշտ է, վերջինը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործառույթ չի իրականացնում, բայց միևնույն դատարանի անդամ է, ուստի դիմողները պնդում են, որ առկա է շահերի բախում և այդ հանգամանքը Վերաքննիչ դատարանն այս գործով ի սկզբանե դարձնում է ոչ պատշաճ դատարան:

15. Կանխելու համար այս հայտարարության որևէ տեսակի ոչ ճիշտ մեկնաբանություն ու առավել ևս խեղաթյուրում՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է արձանագրում, որ մշտապես է քննադատության ենթարկել խափանման միջոց կալանքների չարաշահման պրակտիկան դատարանների կողմից, բայց այս հայտարարությունը վերաբերում է կոնկրետ իրավիճակի և այդ կոնկրետ իրավիճակում անձի, կոնկրետ դեպքում՝ դատավոր Բորիս Բախշիյանի իրավունքների պաշտպանությանը:

Սա այնպիսի գործ է, որ պարունակում է հետագայում նաև այն դատավորների նկատմամբ տարածվելու իրական վտանգներ, որոնք կալանքից ազատել են մարդկանց:

16. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Բորիս Բախշիյանի նկատմամբ հարուցված քրեական գործը դիտարկում է ՀՀ-ում դատական իշխանության անկախության և դատավորի ինքնուրույնության համար համակարգային վտանգների տեսանկյունից:

17. Այս գործը կարևոր նշանակություն ունի նաև կոնկրետ իրավիճակում որոշում կայացնելու դատավորի իրավասության ու միևնույն ժամանակ` այդ որոշման համար իրավապահ մարմնի կողմից դատավորին քրեական հետապնդման ենթարկելու իրավաչափության տեսանկյունից: Սա էլ իր հերթին առաջ է բերելու մեկ այլ համակարգային հարց առ այն, թե ինչ է նշանակում «ակնհայտ անօրինական» եզրույթը ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածում:

Չի կարող քրեական հետապնդումը փոխարինել դատական ակտի սահմանված կարգով բողոքարկմանը՝ անիրավաչափորեն ստորաբերելով վերջինի նշանակությունը:

18. Անհրաժեշտ է նաև ապահովել գործի քննության ընթացքում անհրաժեշտ հրապարակայնություն՝ դրա նկատմամբ առավել բարձր հանրային վերահսկողության համար և հաշվի առնելով գործի նկատմամբ հանրային արդարացի հետաքրքրությունը:

19. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի իրավունքների վերաբերյալ քննարկումը»,-ասված է ՄԻՊ Արման Թաթոյանի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի (լիազորությունները կասեցված են) նկատմամբ կալանվորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննիչի միջնորոդությունը։ Բախշիյանը մեղադրվում է անձին ապօրինի կալանավորելու համար։

Лента

Рекомендуем посмотреть