ՀՀ Ազգային ժողովն (ԱԺ) այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Աղվան Վարդանյանի խոսքով՝ օրինագծի հիմնական նպատակը ամենատարածված պետական խորհրդանիշի՝ Հայաստանի Հանրապետության դրոշի առավելագույն հանրայնացումը, պետականության հանդեպ ՀՀ քաղաքացիների, հատկապես երեխաների և երիտասարդների մոտ հարգալից վերաբերմունքի ամրապնդումն է:
«Գաղափարը ծնվեց՝ նայելով մեր հարևան երկրներին և խորհրդանիշների վերաբերյալ նրանց վերաբերմունքին»,- ներկայացնելով իր հեղինակած նախագիծը՝ նշել է Աղվան Վարդանյանը՝ նկատելով, որ հայկական իրականությունում պատկերը բոլորովին այլ է:
Ուստի, առաջարկվում է պահանջ ամրագրել, ըստ որի Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացված լինի նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա: Առաջարկվում է կանոնակարգել նաև Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքների վրա պետական դրոշի գործածման հարցը:
Հեղինակն ընդգծել է, որ նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել օրենքի պահանջների որոշակի խախտումների համար:
Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը ներկայացրել է Կառավարության առաջարկներն ու կողմ կարծիքը օրենսդրական փաթեթի վերաբերյալ: