Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) կոչ է անում միջազգային հանրությանը Հայաստանից պահանջել կատարել իր պարտավորությունները հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած Ադրբեջանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հարցում։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տարածած հաղորդագրությունում ընդգծվում է, թե, ղեկավարվելով հումանիզմի սկզբունքով՝ 2022 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել հայազգի 8 զինծառայողի և, ի պատասխան այդ քայլի՝ հայկական կողմը պետք է ադրբեջանական կողմին տեղեկատվություն տրամադրի հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ զոհված ադրբեջանցի զինվորականների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև նրանց ենթադրյալ հուղարկավորության վայրերի մասին։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, միաժամանակ, անդրադառնալով ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի լրատվամիջոցներին մեկին տված պարզաբանմանը, որ անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, հայտարարել է թե, «դա պետք է դիտարկել որպես միջազգային մարդասիրական իրավունքի և մարդասիրական սկզբունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի վառ օրինակ»։
Հայտնել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ նախօրեին՝ փետրվարի 7-ին, 8 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք։ Բաքուն այս փաստը որակել էր որպես հումանիզմի դրսևորում՝ հայտարարելով, որ դրա դիմաց ակնկալում է ստանալ տեղեկություններ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և քաղաքացիական անձանց և նրանց ենթադրյալ հուղարկավորության վայրերի մասին։