«Մենք վերահաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հրատապ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում»,-Կրեմլում Ֆրանսիայի նախագահի հետ նախօրեին կայացած բանակցություններից հետո հրավիրված համատեղ մամլո ասուլիսում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնելով, որ բանակցությունների ընթացքում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության հարցին՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը։
Պուտինի խոսքով՝ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկելիս նշվել է ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի պահպանումը և նպաստում խաղաղ կյանքի հաստատմանը։
Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Միշելի հետ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ վերջերս կայացած տեսակոնֆերանսի արդյունքների մասին։
Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահը ևս իր հերթին անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ խոսելով 8 հայ ռազմագերիների վերադարձից։ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիական ճգնաժամային կենտրոնը ինքնաթիռ է տրամադրել նրանց տեղափոխման համար։ Նա մանրամասնել է, որ անցած ուրբաթ Ալիևի և Փաշինյանի հետ տեսակապի միջոցով բանակցություններ են վարել, որոնց ընթացքում բարձրացվել են կայունության բաղադրիչներ հանդիսացող անհայտ կորածների, փախստականների և մի շարք այլ հարցեր։
«Մինսկի խմբի շրջանակում առկա պայմանավորվածություններով համապատասխան դեր են խաղում և՛ Ֆրանսիան, և՛ Ռուսաստանը»,-շեշել է Մակրոնը՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի համար դժվարին ժամանակաշրջանում սահմանին ռուս զինվորականների դերը։