Նախորդ շաբաթվա ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 1383 շարժակառք է գտնվել շահագործման մեջ․ Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը՝ հավելելով, որ արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար՝ առանց լուրջ հետևանքների։
Թարփոշյանի վստահեցմամբ՝ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, Երևանի քաղաքապետի հանձնարարականով առաջիկա 10 օրվա ընթացքում ևս 2 երթուղի կշահագործվի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից:
«Ավարտվել է վարորդների հավաքագրման փուլը, 7 օրվա ընթացքում մրցույթի արդյունքները կամփոփվեն, որից հետո դեղին համարանիշներով կշարունակվի սպասարկումը, ընդ որում՝ 28 համարի երթուղու ուղեգծում որոշակի փոփոխություններով կսպասարկվի ոչ միայն Նազարբեկյան թաղամասը, այլ նաև ուղիղ կապ կապահովվի Մետրոյի «Բարեկամություն» կայարանի հետ»,-մանրամասնել է Թարփոշյանը:
Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության մանրամասները՝ տեսանյութում։