Համացանցում մեսրոպատառ հայերեն գրելու նախաձեռնությունը 10 տարեկան է:
Նախաձեռնության հեղինակ Զոհրապ Եգանյանն այսօր արձանագրում է․
«Դրական տեղաշարժն ակնհայտ է, բայց ոչ բավարար ու բոլորս պարտքն է` պահել, պաշտպանել ու եկող սերունդներին հանձնել մեր հրաշք գիրը: Այն կորցնելու վտանգ իսկապես կա ու մեզանից պահանջվում է ընդամենը գրել մեսրոպատառ ու ազդել շրջապատի մարդկանց վրա, որպեսզի անեն դա»:
Եգանյանի գնահատմամբ՝ ամենավատն այն է, որ դպրոցներում աշխատանքներ չեն տարվում երեխաների հետ, իսկ մեր գրի ու լեզվի ապագա կրողներն ու տարածողները հենց նրանք են:
«Թվայնացվող այս դարաշրջանում մենք իրավունք չունենք անլուրջ վերաբերվել այս հարցին և թողնել այն ինքնահոսի, այլապես կգա այդ օրը, երբ հայը չի իմանա իր գիրը: Չկա այլ հայերեն գիր մեսրոպատառից բացի: Գոնե վերջին արհավիրքները մեզ պետք է դարձնեն ավելի ուշադիր մեր ունեցածի հանդեպ, խեղողը, այլաձևողը թուրքը կամ ադրբեջանցին չէ, այլ մենք ենք: Շատ փոքր ջանք է պահանջվում` ընդամենը գրել մեսրոպատառ հայերենով, մեր այբունենը աշխարհի մի քանի տասնյակ այբուբեններից է, պատկերացրեք, ինչ ջանասիրությամբ այն կպահեին սեփականը չունեցողները: Հիշեք` ամեն արժեք կորսվում է ոչ միանգամից, այլ կամաց-կամաց»,-ընդգծում է Համացանցում մեսրոպատառ հայերեն գրելու նախաձեռնության հեղինակը։