ՀՀ քննչական կոմիտեից (ՔԿ) հայտնում են, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից նույն հիմնարկի աշխատակցի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հաղորդվում է, որ, նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 6-ին` ժամը 13:00-ից 13:15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային մասնաշենքի խցերից մեկում պահվող կալանավորը, հեռախոսակապից օգտվելու պատրվակով, անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետին խնդրել է դուրս բերել իրեն խցից, ինչին աշխատակիցն ընդառաջել է:
Մինչև հեռախոսին հասնելը, հիշյալ աշխատակցին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախապես խցից իր հետ վերցրած մետաղյա ծակող առարկայով, այնուհետև բռունցքներով, կալանավորը հարվածել է վերջինիս գլխին՝պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո սեղմել պարանոցի հատվածը՝ փորձելով խեղդամահ անել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել:
Դեպքի առթիվ նշված քրեակատարողական հիմնարկի գլխավոր հետաքննիչի կողմից հարուցել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: