ՀՀ-ում թոքի քաղցկեղ ունեցող 10 անձից 8-9-ի դեպքում պատճառը ծխելն է․ նախարարությունը՝ հիվանդությունը կանխարգելելու 10 խորհրդով - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում թոքի քաղցկեղ ունեցող 10 անձից 8-9-ի դեպքում պատճառը ծխելն է․ նախարարությունը՝ հիվանդությունը կանխարգելելու 10 խորհրդով

2022-02-04 17:55 , Общество, 1318

ՀՀ-ում թոքի քաղցկեղ ունեցող 10 անձից 8-9-ի դեպքում պատճառը ծխելն է․ նախարարությունը՝ հիվանդությունը կանխարգելելու 10 խորհրդով

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը նվիրված է քաղցկեղի կանխարգելման արդյունավետության, սքրինինգային հետազոտություների կարևորության, հիվանդության վաղ փուլում հայտնաբերման և բուժման վերաբերյալ իրազեկման բարձրացմանը։

Այս տարվա կարգախոսն է. «Կյանք փրկող ծառայությունների հասանելիություն ևհավասարություն»։

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ 2020 թվականին Հայաստանումքաղցկեղով հիվանդացությունը (առաջնակի ախտորոշված) կազմել է 6934 դեպք, իսկ մահացությունը` 5367 դեպք, որը կազմում է ընդհանուր մահերի 14.8%: Այն զգալիորեն բարձր է տղամարդկանց շրջանում (54.7%, 2941 դեպք, կանայք`45.2%/2434):

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2018-2019թթ. տվյալներով` Հայաստանում քաղցկեղից վաղաժամ (մինչև 65 տարեկանների շրջանում) մահացության ցուցանիշը կազմել է` 71 (ըստ 100 հազար բնակչի), իսկ բոլոր տարիքային խմբերում` 166, որը ավելի ցածր է, քան Հունգարիայում (99 և 212), Խորվաթիայում (83 և 200), Սերբիայում (96 և 196), Ռումինիայում (93 և 182), Ռուսաստանի Դաշնությունում (76 և 155) Լիտվայում (79 և 176), Լեհաստանում (76 և 180), Մոլդովայում (83 և 157)։

Տվյալների վերլուծությունը փաստում է, որ տղամարդկանց շրջանում առավել տարածված են՝ շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի և ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի քաղցկեղները, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի: Վերջին տարիների ընթացքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում են ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղները:

Ինչպես այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասել է Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը՝ թոքի քաղցկեղ ունեցող 10 անձից 8-9-ի դեպքում պատճառը ծխելն է:

Մասնագետը, նշելով, որ ծխելը առաջացնում է միաժամանակ մի քանի՝ թոքի, միզըմպանի, քթըմպանի քաղցկեղ, ողջունել է ծխելու հետ կապված սահմանափակումները, որոնք ուժի մեջ են մտել և կմտնեն։

Առողջապահական գերատեսչությունը ներկայացրել է քաղցկեղի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող ծրագրերը.

  • 2015 թվականից մեկնարկել է 30-60 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը: Մեկնարկից մինչև 2021թ. տարեվերջիրականացվել է 328 հազար ՊԱՊ թեստի հետազոտություն, որից 28671-ը` նախորդ տարի: Կարևորելով արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինգային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը` 2022 թվականին սքրինինգային հետազոտությունները շարունակվելու են:
  • 2019 թվականից քաղցկեղով պացիենտների ուռուցքաբանական վիրահատություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով։
  • 2021 թվականից մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը, որի շրջանակներում Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում 50-69 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնելու կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ: Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում շարժական մամոգրաֆով սպասարկվել է 6961 կին: Ախտորոշումը հստակեցնելու նպատակով 511 կին (7.4%) ուղեգրվել է լրացուցիչ հետազոտությունների: Ծրագրի մասնակիցների համար լրացուցիչ հետազոտությունները նույնպես իրականացվում են անվճար` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ)աջակցությամբ: 72 կնոջ (1.1%) մոտ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումը հաստատվել է և 66 պացիենտի տրամադրվել է անվճար մասնագիտացված բուժօգնություն: 2022-ի հունվարից շարժական մամոգրաֆը տեղակայվել է Տաշիրի պոլիկլինիկայի տարածքում, փետրվարին այն կտեղափոխվի Ալավերդի, ապրիլին` Տավուշի մարզ, այնուհետև՝ Սյունիք։
  • Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշմամբ շուրջ 210 հաշվառված պացիենտի (68%-ը՝ 28-50 տարեկան, 11%-ը` 50-60 տարեկան, 21%-ը` 60-65 տարեկան) անվճար տրամադրվել է շվեյցարական նոր սերնդի, թանկարժեք «Տրաստուզումաբ 600մգլ» (հերցեպտին) դեղը` յուրաքանչյուրին ամբողջ բուժման համար անհրաժեշտ քանակով, ինչի շնորհիվ բարելավվել է նրանց կյանքի որակը:
  • 2021 թվականի ընթացքումպետական պատվերի շրջանակներում Հայաստանում ճառագայթային բուժում է ստացել շուրջ 2500 պացիենտ:
  • Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվել է հաստ աղու քաղցկեղի սքրինինգ, որի ընթացքում հետազոտվել է մոտ 699 պացիենտ, որոնցից 81-ի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։
  • Այս տարի նախատեսվում է նաև փորձարարական կարգով ներդնել կոլոռեկտալ քաղցկեղիսքրինինգային ծրագիրը` պետության աջակցությամբ։

Առողջապահական գերատեսչությունը քաղցկեղը կանխարգելելու 10 խորհուրդ է տվել.

  • Չ՛ծխել
  • Հետևե'ք քաշին, խուսափե՛ք գերքաշությունից, ճարպակալումից
  • Զբաղվե՛ք ֆիզիկական ակտիվությամբ. շատ քայլելը նպաստում է քաղցկեղի ռիսկի նվազեցմանը
  • Սննդակարգը հարստացրե՛քհատիկեղենով, բանջարեղենով, մրգերով և լոբազգիներով
  • Խուսափե՛ք յուղոտ, օսլայի և շաքարի բարձր պարունակությամբ արագ պատրաստվող սննդատեսակներից (fast food)
  • Սահմանափակե՛ք շաքար պարունակող ըմպելիքը և ալկոհոլի օգտագործումը
  • Սահմանափակե՛ք կարմիր (տավարի, խոզի և գառան) և վերամշակված մսի օգտագործումը
  • Խուսափե՛ք սննդային հավելումներից
  • Կրծքով կերակրումն իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը
  • Քաղցկեղ ախտորոշվելուց հետո` հետևե՛ք բժշկի խորհուրդներին:

Лента

Рекомендуем посмотреть