Հրազդան գետի վրա կառուցված 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է:
Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ այն մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող նոր ճանապարհի ամենակարևոր ու պատասխանատու կառույցն է:
Նոր կամրջի վրայով շինարարների հետ միասին առաջին անգամ անցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարությունն ընթանում է ամբողջ թափով:
Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 9.4կմ է, միջին լայնությունը՝ 24մ: Այն ունի 7 ուղեանց, ինչպես նաև տրանսպորտային մեկ հանգույց՝ Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում:
Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի երկարությունը 2.7կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26մ: Այն ներառում է Հրազդան գետի վրա կառուցված մետաղական կամուրջը, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակով – Բաբաջանյան փողոցների հատման վայրում առկա ճանապարհային հանգույցում:
Քաղաքապետը նշել է, որ բավականին լավ համագործակցություն է եղել ֆրանսիական նախագծող կազմակերպության, իսպանական, վրացական կազմակերպությունների, ինչպես նաև մեր տեղական կապալառուների հետ:
Հրաչյա Սարգսյանի գնահատմամբ՝ բավականին լավ արդյունք կա, աշխատանքներն ընթանում են ըստ նախանշվածի, խնդիրներ չկան և ակնկալում են, որ արդեն մայիսին ամբողջությամբ կբացվի:
«Արդյունքում կունենանք մեկ ընդհանուր ճանապարհ, որը հնարավորություն կտա շրջանցել Երևանի կենտրոնական փողոցները»,-նշել է քաղաքապետը։
«Կամրջի շինարարությունը գրեթե ավարտել ենք: Եվրոպական չափանիշներին համապատասխան կառույց է: Վստահաբար կարող եմ ասել, որ գործող ճանապարհից այն ավելի ապահով կլինի և որ կարևոր է՝ վարորդների համար զգալիորեն կկրճատի Արգավանդից Շիրակ տեղափոխվելու ճանապարհահատվածը: Շատ հպարտ եմ, որ ավարտին ենք հասցնում այս մեծ նախագիծը: Շատ դժվար էր աշխատել քովիդի և պատերազմական իրավիճակի պայմաններում, բայց լավ թիմի ու համատեղ աշխատանքի շնորհիվ կարողացանք հասնել արդյունքի»,-ասել է վերահսկող կազմակերպության անձնակազմի ղեկավար Պիեր Մորիսը:
«Բոլոր մեծածավալ շինարարությունները ենթադրում են որոշակի դժվարություններ, և այս ճանապարհահատվածի շինարարության պարագայում էլ առանց երթևեկության կազմակերպման փոփոխության հնարավոր չէր աշխատանքներ իրականացնել: Շնորհակալություն եմ հայտնում մեր համաքաղաքացիներին՝ համբերատար լինելու համար. ծրագիրն իրականացվեց, ճանապարհը կառուցվեց: Մի քանի ամսից արդեն ճանապարհը բաց կլինի շահագործման համար, և բոլորը կզգան, թե որքան հարմար է երթևեկել նոր ճանապարհով»,-ասել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տեխնիկական մասնագետ Վարդան Կարապետյանը:
Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով համայնքն այսօր տարբեր ծրագրեր ու նախագծեր է դիտարկում՝ ճանապարհաշինությունից ավտոբուսների հավաքակազմի համալրում, տրանսպորտի համակարգման կենտրոնի ստեղծում ու լուսացույցների կառավարում: Արդեն իսկ բանակցություններ են ընթանում կառավարության հետ՝ ևս մեկ՝ Արշակունյաց-Իսակով նոր ճանապարհահատված կառուցելու նպատակով:
«Այս պահին բանակցում ենք «Սիմենս» կազմակերպության հետ, որպեսզի մոտ ժամանակներս լուսացույցների համատեղ կառավարման փորձնական համակարգ ներդնենք մի քանի խաչմերուկներում, և եթե ամեն ինչ հաջող ընթանա, կսկսենք փուլ առ փուլ շարժվել առաջ: Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում մենք որոշ աշխատանքներ կատարել ենք և շարունակում ենք իրականացնել: Մոտ ժամանակներս արդեն, կարծում եմ, եվրոպական արտադրության ավտոբուսների ձեռքբերման մրցույթը կայացած կլինի, և ակնկալում ենք, որ 2022թ. արդեն դրանք կլինեն Երևանում: Կարծում եմ՝ այս ծրագրերով հնարավորություն կունենանք վերափոխելու Երևանն ու դարձնել մարդակենտրոն և հարմարավետ՝ քաղաքացիների համար»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 2-ի ֆինանսավորմամբ կառուցվող նոր ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23կմ երկարություն: Անընդհատ երթևեկությամբ այն կապ կհաստատի Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև: