Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը։ Այս մասին նշված է հայտարարության մեջ։
«Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ Հանրապետության նախագահը պետք է լինի անաչառ, առաջնորդվի համազգային և համապետական շահերով:
Հայաստանն այսօր ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում:
Համազգային համախմբումը, հանրային համերաշխությունն այլընտրանք չունեն:
Բայց երկիրը կործանման եզրին հասցրած, հասարակությունը պառակտած այս իշխանությունը որոշել է շարունակել նույն գործելաոճը և առաջնորդվել ոչ թե պետական, այլ միմիայն իր նեղ թիմային շահերով:
Չնայած Նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես իրապես չեզոք և հասարակությանը համախմբող ինստիտուտ, օրվա իշխանությունը որոշել է առաջադրել և միայնակ ընտրել բացառապես սեփական ուժի Հանրապետության նախագահ:
Միջազգային հանրությունը անգործություն և լռություն է պահպանում ժողովրդավարության նահանջի ակնհայտ փաստերի հանդեպ, այդ թվում` մեկ անձի բռնապետության ձևավորման առումով:
Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի և սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը:
Ելնելով այս հաստատումներից Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը»,-ասված է խմբակցությունների հայտարարությունում։
Հիշեցնենք՝ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 65 պատգամավորի ստորագրությամբ նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։
Երեկ՝ փետրվարի 3-ին կայացած կառավարության նիստում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախագահի իրենց թեկնածուի՝ 65 պատգամավորի ստորագրությամբ առաջադրումը վստահություն է հաղորդում, որ նա ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի Հանարապետության նախագահի պաշտոնում։