«Ուզում եմ կարևոր արձանագրում էլ անել, որ էական աճ է գրանցել նաև միջին ամսական աշխատավարձը: Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277 661 դրամ, ինչը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ ավելի է 30 000 դրամով կամ 12 տոկոսով, 2019 թվականի համեմատ՝ 43 000 դրամով կամ 18 տոկոսով, 2018 թվականի համեմատ՝ 54 000 դրամով կամ 24.6 տոկոսով: Սա մեկ մարդու ստացած միջին ամսական աշխատավարձն է»,-կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնել է նաև, որ 2021 թվականի ընթացքում հանրապետությունում աշխատող քաղաքացիներին վճարվել է 139 մլրդ 600 մլն դրամ աշխատավարձ, ինչը 2020 թվականի համեմատ ավելի է 15.7 մլրդ դրամով կամ 13 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատ՝ 38.7 մլրդ դրամով կամ 38 տոկոսով:
Այս փաստերի համադրությամբ՝ Փաշինյանն արձանագրել է, որ ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտավորապես 9 տոկոսով՝ 2018 թվականի համեմատությամբ:
«Խոսքը մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացողների մասին է, և 60.4 տոկոսից դարձել է 51.45 տոկոս: Անգամ կորոնավիրուսի, պատերազմի, հետպատերազման ցնցումների պայմաններում, ինչպես արդեն նշեցի, միջին անվանական աշխատավարձի շարունակական աճ է արձանագրվել մոտավորապես 55 000 դրամի չափով»,-մանրամասնել է վարչապետը՝ միաժամանակ ցավով նշելով, որ չի կարող ասել, որ այս թվային փոփոխությունները, ըստ էության, մեծացրել են մեր քաղաքացիների բարեկեցությունը:
«Ինչո՞ւ չենք կարող ասել: Որովհետև, ցավոք, 2021 թվականի ընթացքում ունեցել ենք էական գնաճ, որը 2021 թվականի դեկտեմբերին, 2020 թվականի դեկտեմբերի համեմատ, կազմում է 7.7 տոկոս, իսկ սա ավելին է, քան մենք նախատեսել էինք պետական բյուջեով: Գիտեք, որ գնաճը գլոբալ պրոբլեմ է, պետք է արձանագրենք, որ Հայաստանում այսպես ասած, առանձին վերցրած որևէ գործընթաց տեղի չի ունենում, այլ գլոբալ ազդեցություններ են: Ընդհակառակը, մենք փորձում ենք միջոցներ ձեռնարկել գնաճը զսպելու համար և հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի գնաճը բերել պլանավորված միջակայքի:
Եթե սրա հետ զուգահեռ մեզ հաջողվի արձանագրել մեր նշաձողը՝ 7 տոկոս տնտեսական աճը, հույս ունենք, որ արդեն բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կունենանք: Նաև պիտի նշեմ, որ 2021 թվականի նախնական արդյունքներով՝ 5.8 տոկոս տնտեսական աճ է արձանագրվում, որը, իհարկե, ավելին է, քան ի սկզբանե պլանավորվում էր 2021 թվականի համար, անգամով է ավելի, բայց, իհարկե, պակաս է մեր ցանկություններից: Այս առումով կարծում եմ, որ մեզնից շատ լուրջ ջանքեր են պահանջվում, որպեսզի կարողանանք մեր սահմանած նշաձողերին հասնել»,-ասել է Փաշինյանը, ով, միաժամանակ, հայտարարել էր, որ Հայաստանում 2021 թվականի դեկտեմբերին արձանագրված 659 471 աշխատատեղը բացարձակ ռեկորդ է Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ընթացքում: