Հայաստանի Հանրապետությունն ադրբեջանական և ռուսական կողմի հետ քննարկում է այն միջոցները, որոնք սահմանագծին անվտանգության ու կայունության մեխանիզմներ կստեղծեն․ լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ հետաքրքրված և շահագրգռված է սահմանազատման գործընթացով։
«ՀՀ վարչապետը, ՌԴ նախագահը և Ադրբեջանի նախագահը Սոչիում պայմանավորվել և հայտարարել են, որ քայլեր կձեռնարկվեն տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի ուղղությամբ։ Եթե բառացի թարգմանեմ՝ գործը կհանգեցնեն սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը։ Մենք 100 տոկոսով հավատարիմ ենք այս սկզբունքին, պարտավորությանը, որը ստանձնել ենք»,-նշել է Միրզոյանը, որի խոսքով` սահմանազատման հետ կապված հայկական կողմի կոնկրետ առաջարկներին Ադրբեջանը բացասական է արձագանքել։
Թե ինչ առաջարկների մասին է խոսքը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չակերտներ չի բացել, բայցև՝ միաժամանակ ընդգծել է․
«Տարբեր առաջարկներ ենք ներկայացրել քննարկման։ Սովորական բանակցային գործընթաց է սա, այժմ քննարկվում են։ Կոնկրետ այդ առաջարկների վերաբերյալ բացասական արձագանք է եղել Բաքվից, բայց կրկնում եմ՝ սա շարունակական պրոցես է, այնպես չէ, որ մենք մի անգամ առաջարկեցինք իրենք մերժեցին, որովհետև եղել են նաև առաջարկներ, որոնք մեզ համար են անընդունելի եղել»։
Հիշեցնենք՝ հունվարին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել էր, որ Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով կփոխանցվի Բաքվին։ Հունվարի 19-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շատ չմանրամասնելով՝ասել էր միայն, որ առաջարկները բխում են կառավարության և վարչապետի կողմից նախապես և մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման հայեցակարգից։