«Այս այցը շատ կարևոր մի առանձնահատկություն ունի, մենք շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները»,-Կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ռուսական երկաթուղիներ ԲԲԸ տնօրեն Օլեգ Բելոզյորովի երևանյան այցին։
Նկատելով, որ նախորդ օրվա այցն ամբողջությամբ գործնական է եղել և միտված է եղել Երասխ-Ջուլֆա-Մեղրի- Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին՝ Փաշինյանը տեղեկացրել է, որ այդ թեմայով արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերել, որի անբաժանելի մաս է այն հանգամանքը, որ երկաթուղին Հայաստանի տարածքում պետք է գործի ՀՀ օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանի տարածքում՝ նրանց օրենսդրության շրջանակներում:
Փաշինյանի խոսքով՝ ՌԴ փոխվարչապետի երեկվա այցը գործանականացմանն էր ուղղված և արդեն քննարկվում է տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման, շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերի շուրջ:
Վարչապետի գնահատմամբ՝ այս դինամիկայով շարունակվելու պարագայում կարող են վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունը իրագործելը դառնում է առարկայական։
«Քանի դեռ երկաթուղին չի կառուցվել և առաջին գնացքը չի անցել, միշտ պետք է մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ, բայց այն քաղաքական կամքը, որը արտահայտել ենք, ստանում է կոնկրետ դրսևորումներ»,-միաժամանակ հավելել է նա։