Հայ-վրացական հարաբերություններում նոր դինամիկա է. ՀՀ վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին - RadioVan.fm

Онлайн

Հայ-վրացական հարաբերություններում նոր դինամիկա է. ՀՀ վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

2022-02-02 18:24 , Политика, 1005

Հայ-վրացական հարաբերություններում նոր դինամիկա է. ՀՀ վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրիին:

Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է.

«Շատ ուրախ եմ մեր երկրների հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկայի համար: Օրեր առաջ այստեղ էր Վրաստանի արդարադատության նախարարը, որին, ցավոք, քովիդի պատճառով չկարողացա հանդիպել: Մեր Ոստիկանության պետը նախորդիվ այց էր ունեցել Վրաստան: Մենք նախորդ տարին ամփոփեցինք Թբիլիսիում տեղի ունեցած Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստով: Դրանից առաջ մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել Վրաստանի վարչապետ՝ իմ ընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Եվ շատ կարևորում եմ, որ մեր իրավապահ համակարգերն իրար հետ սերտ համագործակցություն են հաստատում: Դա կարևոր է մեր երկրների անվտանգության, իրավակարգի պահպանության համար»:

Նիկոլ Փաշինյանն իր սրտանց ողջույններն ու առողջության մաղթանքներն է խնդրել փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, ով վարակվել է կորոնավիրուսով:

Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՀՀ վարչապետին փոխանցել Վրաստանի վարչապետի ջերմ ողջույնները:

«Վրաստանի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է, հարևան է և ընկեր երկիր: Ես միշտ ընդգծում եմ, որ հայերս և վրացիներս ամենամտերիմ ժողովուրդներն ենք, մենք շատ հարազատ ենք և նման և՛ ավանդույթներով, և՛ մշակույթով, հարազատ և մտերիմ ենք ամեն հարցում:

Ինչ վերաբերում է մեր համագործակցությանը, ասեմ, որ առաջին հանդիպումից հետո արդեն ընկերացել ենք պարոն Ոստիկանապետի հետ: Ցանկանում եմ մեր պատրաստակամությունը հայտնել հետագա համագործակցության հարցում: Իմացեք, որ մենք միշտ պատրաստ ենք աջակցել և նաև պատրաստ ենք լսել ձեր փորձը, որը բավական մեծ է: Այն, ինչ հիմա նախաձեռնել եք, մասնավորապես, Պարեկային ծառայության մասին է խոսքս, շատ ողջունելի և կարևոր ծրագիր է: Մաղթում եմ, որ հաջողությամբ այն ավարտին հասցնեք»:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ծավալված արդյունավետ համագործակցության շարունակական ամրապնդումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում և Վրաստանում ոլորտային բարեփոխումների վերաբերյալ, կիսվել տեղեկատվությամբ պարեկային ծառայության ռեֆորմի ընթացքի և արդյունքների շուրջ: Երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումը և մշտական հաղորդակցությունը, որը բխում է հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ոգուց:

Лента

Рекомендуем посмотреть