«Բարձրացրեք աշխատավարձերը», «Իշխանությունները ծիծաղում են մեզ վրա», «Ի՞նչ լուր կա աշխատանքի տեղավորումից», «Հնդկաձավարը թանկացել Է 80%-ով»․ նման գրությամբ պաստառներով Վրաստանի չորս խոշոր քաղաքների՝ Թբիլիսիի, Քութայիսի, Փոթիի և Քոբուլեթի բնակիչները երկրում գնաճի պատճառով բողոքի են դուրս եկել։
Sputnik-ի վրացական ծառայության հաղորդմամբ՝ ցուցարարները պահանջում են իշխանություններից փոխել գնագոյացման քաղաքականությունը և արմատախիլ անել կոռուպցիան, որը, ըստ նրանց, կրկին ի հայտ է եկել երկրում։
«Մարդկանց խոստացել են կիսով չափ նվազեցնել սակագները, առնվազն մեկ լարիով նվազեցնել վառելիքի գները»,- ասել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեն։
Հավաքվածների խոսքով՝ Վրաստանը տեղ է գտել արտասահմանում ապաստան հայցող երկրների տասնյակում։
«Վրաստանը դառնում է թոշակառուների երկիր, երիտասարդները հեռանում են, խելացի, ուժեղ, աշխատունակ մարդիկ փախչում են Վրաստանից, սա կատարյալ աղետ է»,-ասել է ակտիվիստ Գեորգի Մումլաձեն։