Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներն այսօր կողմ են քվեարկել օրենսդրական փոփոխություններին, որոնք վերացնում են երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ Ղազախստանի քաղաքականության հիմնական ուղղությունները համաձայնեցնելու անհրաժեշտությունը․ հունվարի 27-ին Սենատի՝ խորհրդարանի վերին պալատի պատգամավորներն առաջարկել են փոփոխություններ և լրացումներ կատարել Հանրապետության սահմանադրական որոշ օրենքներում։
DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ փոփոխություններ են նախատեսվում «Առաջին նախագահի մասին» հոդվածում, ըստ որի՝ 30 տարի երկիրը ղեկավարած Նազարբաևը զրկվում է Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի և երկրի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից։ Միաժամանակ, նախկին նախագահը մնում է հանրապետության Սահմանադրական խորհրդի անդամ՝ պահպանելով կառավարությունում և խորհրդարանում ելույթ ունենալու իրավունքը։
Օրինագիծն ուղարկվել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ստորագրության համար։
Հիշեցնենք՝ հեղուկ գազի թանկացման պատճառով Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվել էին զանգվածային անկարգությունների, հարձակումներ էին իրականացվել պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել 225-ը, այդ թվում` մոտ երկու տասնյակ ոստիկաններ և զինծառայողներ: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարել էր, որ Նուրսուլթան Նազարբաևի փոխարեն այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։ Նա երկրում հակաահաբեկչական գործողությունների իրականացում անհրաժեշտություն էր համարել՝ օգնության համար դիմելով ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշմամբ՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան էին ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր։
Հիշեցնենք՝ Ղազախստանի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2019 թվականի մարտի 19-ը ղեկավարել է Նուրսուլթան Նազարբաևը։ 81-ամյա Նազարբաևը 2019-ին ազատելով այդ պաշտոնը՝ մնացել էր որպես Անվտանգության խորհրդի ղեկավար։