Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) դեռ հստակ որոշում չունի՝ Անթալիա կմեկնե՞ն Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը։
«Հարցը քննարկվում է»,-Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսում ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ և՛ ինքը, և՛ Ռուբինյանը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր ստացել են։
Նկատելով, որ դա երկկողմ այց չէ, այն չպետք է դիտարկել այդ համատեքստում՝ Արարատ Միրզոյանն ընդգծեց՝
«Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է Հայաստանի Հանրապետությունը որոշի մասնակցել։ Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև, կարծում եմ, որ նույնիսկ, եթե շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ՝ դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի»։
Հիշեցնենք՝ հունվարի 27-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, հնարավոր է, մասնակցեն մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին։