Հայրենադարձվել է 142 գերի, հաստատված 46-ն էլ դեռ պահվում են Ադրբեջանում կալանքի տակ․ՔՊ պատգամավորը՝ ԵԽԽՎ նիստում - RadioVan.fm

Онлайн

Հայրենադարձվել է 142 գերի, հաստատված 46-ն էլ դեռ պահվում են Ադրբեջանում կալանքի տակ․ՔՊ պատգամավորը՝ ԵԽԽՎ նիստում

2022-02-02 16:34 , Политика, 1220

Հայրենադարձվել է 142 գերի, հաստատված 46-ն էլ  դեռ պահվում են Ադրբեջանում կալանքի տակ․ՔՊ պատգամավորը՝ ԵԽԽՎ նիստում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության (ՔՊ) պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն առցանց ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում:

Պատգամավորը մասնավորապես նշել է.

«Հարգարժան նախագահող,

հարգելի պատգամավորներ,

մենք սովոր ենք լսել գեղեցիկ ելույթներ մարդու իրավունքների, արժանապատվության, որպես բարձրագույն արժեք՝ մարդկային կյանքի մասին: Բայց 21-րդ դարի 22-րդ տարում մենք դեռ ստիպված ենք քննարկել մարդկանց բռնի անհետացման հարցը:

Ադրբեջանցի գործընկերոջս ելույթի վերաբերյալ պետք է նշեմ, որ նա շատ հարմարավետորեն մոռանում է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ու Մարաղայի ջարդերը: Ինչևէ:

Արցախյան երկրորդ պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի: Եվ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետը հստակորեն նախատեսում է բոլոր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձ՝ մի քանի տասնյակ հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք դեռ գտնվում են գերության մեջ Ադրբեջանում: Հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց թիվը մնում է անորոշ:

Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում գերիների ստույգ թիվը՝ առանց որևէ իրավական հիմքի և մարդու իրավունքների՝ Ժնևի կոնվենցիայով նախատեսված պահանջների կոպտագույն խախտմամբ:

Անցյալ տարվա ընթացքում Հայաստան է հայրենադարձվել 142 ռազմագերի և գերի: Այնուամենայնիվ, հաստատված 46 ռազմագերիներ և գերիներ դեռ պահվում են Ադրբեջանում կալանքի տակ:

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանը բազմիցս չարաշահել է իրավական ընթացակարգերը, խախտել է միջազգային իրավունքի պահանջները և դատական կարգով հետապնդել հայ ռազմագերիներին՝ որպես պատիժ կիրառելով ազատազրկումը:

Հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց «ահաբեկիչ» որակելը միջազգայինմարդասիրական իրավունքի և, առհասարակ, մարդու իրավունքներիկոպիտ խախտում է:

Ցանկանում եմ ընդգծել ևս մեկ անգամ, որ անկախ գերեվարվելու ժամկետից՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ զինծառայողները և քաղաքացիական անձինքիրենց ներկա կարգավիճակով ռազմագերի են և պետք է նրանց վերաբերվել որպես այդպիսին:

Այնուամենայնիվ, ինչպես իմ գործընկեր տիկին Ղազարյանն արդեն նշեց իր ելույթում և ինչպես նշված է ԵԽԽՎ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ անցած տարվա աշնանն ընդունված բանաձևում, մի քանի տասնյակ անձինք գերության մեջ են Ադրբեջանում՝ առանց ադրբեջանական կողմից հաստատման, և բռնի անհետացումների մասին խոսելիս մենք պարզապես չենք կարող շրջանցել այս ակնհայտ իրողությունը:

Բռնի անհետացումների այս դեպքերի առնչությամբ համապատասխան դիմումներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և Դատարանը 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցներ է կիրառել Ադրբեջանի դեմ:Սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ-ի վերոհիշյալ որոշումները: Այս առումով իմ համոզմունքն է, որ Նախարարների կոմիտեն պետք է անդրադառնա այս հարցին:

Շնորհակալություն»:

Лента

Рекомендуем посмотреть