Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) աջակցությամբ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը կմեկնի Իրան՝ հյուրախաղերի:
Նախարարությունից մանրամասնում են, որ թատերախումբը կմասնակցի փետրվարի 6-15-ն Իրանում անցկացվելիք «Ֆաջր» փառատոնին. Թեհրանում և Սպահանում կներկայացվի Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ստեղծագործության համանուն բեմադրությունը:
Նշվում է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք այլ նախաձեռնություններ:
«ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ իրանցի ռեժիսոր Ջոնաս Մոհամադին արդեն նկարահանել է «6.60» կինոնկարը, որը շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին: Ռեժիսոր Անահիտ Աբադը բեմադրում է իրանական էպոսը, «Համազգային» թատրոնում նախատեսվում են իրանական պիեսների թատերայնացված ընթերցումներ: Անդրադառնալու են ժամանակակից դրամատուրգների գործերին, ներկայացնելու են Ֆիրդուսու «Շահնամեն» և այլ ստեղծագործություններ»,-ասված է տարածած հաղորդագրությունում:
Միաժամանակ նշվում է, որ «Համազգային» թատրոնը հաջորդ տարի հանդիսատեսին կհյուրընկալի թատրոնի նոր շենքում, որտեղ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ: