Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնից հայտնում են, որ մեկնարկել է ռուսաց լեզվի հերթական անվճար դասընթացը, որին փետրվարի 1-ից միացել է նաև Գորիս քաղաքը։
Ռուսերենի անվճար դասընթացների նոր շրջափուլին մասնակցում են 500-ից ավելի երեխաներ։ Դասընթացների աշխարհագրությունը նախորդ տարվա համեմատ ընդլայնվել է, ռուսաց լեզվի դասեր կանցկացվեն Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Եղեգնաձորում, Գորիսում, Մարտունիում և Հայաստանի մյուս՝ թվով 25 քաղաքներում։
Նշվում է, որ ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացներին երկու տարվա ընթացքում արդեն մասնակցել են 7-14 տարեկան ավելի քան 1500 երեխաներ։ Հատուկ ինտերակտիվ մեթոդիկայով մշակված դասաընթացի արդյուքնում երեխաները կարողանում են ազատ հաղորդակցվել ռուսերենով, զարգանում է բանավոր խոսքը, ծանոթանում են ռուսական մշակույթին ու համալրում գիտելիքները պատմության մասին։
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվում ապագա սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, իսկ դասընթացներին մասնակցել ցանկացող երեխաների թիվը տարեցտարի ավելանում է։
Պարապմունքները անցկացվում են շաբաթական 3 անգամ՝ երկու ամիս տևողությամբ։ Մինչև ուսումնական գործընթացի մեկնարկը կատարվում է երեխաների թեսթավորում, ռուսերենի իմացության մակարդակը պարզելու և ըստ խմբերի բաժանելու համար։
Մասնակից երեխաները դասընթացների ավարտին ստանում են հատուկ սերտիֆիկատներ։
Ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացների մեկնարկը տրվել է 2019թ․ հոկտեմբերին։ Պարապմունքներն անցկացվում են «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացված ՀՀ տարբեր մարզերում գործող Ռուսական կենտրոններում և կրթական այլ հաստատություններում: