Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են մարդասիրական բեռներով ադրբեջանական երկու ավտոշարասյան անվտանգ ուղեկցումը Լեռնային Ղարաբաղի տարածքով:
Այդ մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) պաշտոնական կայքի հրապարակումից։
Նշվում է, որ Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը Մատաղիս-Գետավան-Վանք երթուղու երկայնքով և հակառակ ուղղությամբ ուղեկցել է շինանյութով և սննդամթերքով բեռնված մոտ 20 մեքենաներից բաղկացած շարասյուն։
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Միխայիլ Կիրիլենկոն պատմել է, որ այս 42 կիլոմետր երկարությամբ երթուղին անցնում է լեռնային տեղանքով, ինչը տրանսպորտային միջոցների վարորդներից և ուղեկցող անձնակազմից մեծ ուշադրություն է պահանջում:
Հրապարակումից, միաժամանակ, տեղեկանում ենք, որ այս տարվա հունվարին ռուս խաղաղապահներն ապահովել են ադրբեջանական ավելի քան 40 ավտոշարասյան անվտանգ անցումը Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով։