«Ալիևը, ամենայն հավանականությամբ, տեսնում է, որ Հայաստանի և՛ երրորդ, և՛ երկրորդ նախագահների շուրջ կամ նրանց անվան հետմարդիկ ավելի մեծ հույսեր են սկսում կապել և հնարավորություն էտեսնում, որ ընդդիմությունը ինչ-որ մի պահից կարող է իր ձեռքը վերցնել Հայաստանի կառավարումը, իսկ դա փակելու է Ադրբեջանի, այսպես ասած, բոլոր ոտնձգությունների ճանապարհը։ Դա ստիպելու է Թուրքիային ու Ադրբեջանին հարգել Հայաստանի ինքնիշխանությունը»,-այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին։
Նշենք՝ երեկ՝ հունվարի 31-ին, Azertag պետական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե, եթե տեսնեն, որ Հայաստանը ոտքի է կանգնում, «կրկին պոտենցիալ սպառնալիք է դառնում», ապա տեղում «կոչնչացնեն»։
ՊՆ նախկին փոխնախարարի դիտարկմամբ՝ Ալիևը մտավախություններ ունի, որ, եթե ընդդիմությունն իր ձեռքը վերցնի ՀՀ կառավարումը՝ հնարավորություն կբացվի Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների վերականգնման, միջազգայինգործընկերների ներգրավման, հայ-ռուսական իրականում կառուցողական, գործընկերային, դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների նորից վերականգնման և տարածաշրջանի անվտանգության հարցում Հայաստանի դերի բարձրացման, ՀՀ ներսում հայ հասարակության կոնսոլիդացման համար, ինչը Բաքբի բռնապետի սրտով չէ։
«Ալիևի սրտով չէ, նրան այսօր ուղղակի պետք է, որ Հայաստանը որևէ ամբիցիա ու շահ չունենա, լինի ուղղակի սպառող՝ խաղաղություն, էներգիա, սնունդ սպառող, բայց դրա փոխարեն՝ իրենք ինչպես ուզեն, այնպես վերաբերվեն Հայաստանի հետ։ Ուզեն՝ միջանցք բացեն, զրկեն իրավունքներից, կրակեն կամ չկրակեն, և այսպես շարունակ։ Իսկ վերջում հայ ժողովուրդն այս տարածաշրջանում դառնա ուղղակի եկվոր, որին պետություն չի հասնում»,-ասաց Արտակ Զաքարյանը՝ նկատելով, որ Ալիևը ուզածը չի էլ թաքցնում, սակայն անհասկանալի է, թե ինչու են ՀՀ իշխանություններն անընդհատ Ալիևի դուդուկի տակ պարում։
Նախկին պաշտոնյայի խոսքով՝ պատերազմից առաջ և հետո Ալիևը ՀՀ ներկայիս իշխանության հետ երբեք խնդիր չի ունեցել։
«Ալիևի պրոբելմը եղել և շարունակում են մնալ Հայաստանի նախորդ նախագահները, հատկապես երկրորդ և երրորդ նախագահները, քանի որ Հայաստանը տարածաշրջանում պատիվ, հարգանք, դերակատարություն, անվտանգության, ուժ մշակույթ, արվեստ, ինքնություն զարգացրել է այդ տարիներին և պատերազմի հաղթանակն էլ առաջին նախագահի նախագահությանժամանակ էր»,-ընդգծեց հանրապետական գործիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։