Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունվարի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։
Փոխվարչապետը շնորհավորել է հայ և ամերիկացի ժողովուրդներին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շեշտել, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կայուն գործընկերն է՝ 1991 թվականի անկախացումից ի վեր:
Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրված աջակցությունը՝ ուղղված ավելի բարեկեցիկ և ժողովրդավար հասարակության ամրապնդմանը, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև դատական և ոստիկանության բարեփոխումների կյանքի կոչմանը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական և համապարփակ լուծման հարցում փոխվարչապետը կարևորել է Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերն ու առաքելությունը։
Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ դեսպան Թրեյսին փոխվարչապետի հետ համակարծիք է եղել՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այդ գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ նպաստելու Հայաստան-ԱՄՆ աշխատանքային հարաբերությունների սերտացմանն ու երկկողմ կապերի զարգացմանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը անդրադառնալով կայացած հանդիպմանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ «դեսպան Թրեյսին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ հանդիպմանը քննարկեց փոխադարձ հետաքրքրության հարցեր, այդ թվում՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկկողմ գործընկերության ամրապնդման մեր հանձնառությունը»: