«Ցանկանում եմ վերահաստատել Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի ջանքերին՝ հասնելու խաղաղության»․ Ջոնսոնը՝ Փաշինյանին հղած ուղերձում - RadioVan.fm

Онлайн

«Ցանկանում եմ վերահաստատել Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի ջանքերին՝ հասնելու խաղաղության»․ Ջոնսոնը՝ Փաշինյանին հղած ուղերձում

2022-02-01 15:13 , Политика, 1185

«Ցանկանում եմ վերահաստատել Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի ջանքերին՝ հասնելու խաղաղության»․ Ջոնսոնը՝ Փաշինյանին հղած ուղերձում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

Ուղերձում, որը տարածել է ՀՀ կառավարության աշխատակազմը, ասված է․

«Հարգելի վարչապետ,

Հունվարի 20-ին Միացյալ Թագավորությունն ու Հայաստանի Հանրապետությունը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Կցանկանայի օգտվել առիթից և ևս մեկ անգամ ընդգծել այդ հարաբերությունների կարևորությունը Միացյալ Թագավորության համար։

Վերջին 30 տարվա ընթացքում Միացյալ Թագավորությունն ու Հայաստանի Հանրապետությունը համատեղ աշխատանք են տարել՝ միտված կարևոր գործընկերության զարգացմանը։ Այս նշանակալից տարեդարձի կապակցությամբ ցանկանում եմ վերահաստատել Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի ջանքերին՝ հասնելու խաղաղության, կայունության և բարգավաճման միջազգային համագործակցության միջոցով, ինչպես նաև ածխածնի արտանետումները կրճատելու հանձնառությանը: Կլիմայի փոփոխության կոնֆերանսի 26-րդ գագաթնաժողովին Հայաստանն արժեքավոր ներդրում է ունեցել կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին, և ՄԹ-ն պատրաստակամ է աջակցելու ձեզ այդ հավակնոտ նպատակներին հասնելու գործում։

Միացյալ Թագավորությունը Հայաստանի Հանրապետության գործընկերն է և կշարունակի մնալ այդպիսին: Լիահույս եմ, որ մեր գործընկերությունը շարունակական զարգացում կապրի գալիք տարիներին»։

Հիշեցնենք՝ հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին ուղերձ էր հղել հունվարի 20-ին։

Лента

Рекомендуем посмотреть