Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ հայտնելով․
«Համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի՝ Բյուրոյի խորհրդի կողմից տարին մեկ սահմանվում են հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաև ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները և Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունները:
Ստորև բերված է վերոհիշյալ դրույթի հիման վրա Բյուրոյի խորհրդի կողմից 2021 դեկտեմբերի 23-ի նիստում ընդունված և ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2022 թվականի հունվարի 25-ին գրանցված որոշումը և դրա հիմնավորումը։
Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ապահովագրավճարները փոփոխության չեն ենթարկվել ներդրումից ի վեր՝ 2010 թվականից։ Այդ ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ.
- Ներդրվել է ուղիղ հատուցումների համակարգը, որը թույլ տվեց բարձրացնել ծառայությունների որակը՝ մեծացնելով հատուցումների չափը և հատուցման արագությունը։
- Ներդրվել է մինչև 200.000 ՀՀ դրամ վնասով պատահարների ինքնուրույն կարգավորման համակարգը, որը ոչ մեծ վնասներով դեպքերում թույլ է տվել ավելի հարմար և արագ կարգավորումներ ունենալ՝ միևնույն ժամանակ համակարգի վրա թողնելով հնարավոր զեղծարարություններից բխող վնասները։
- Առավելագույն հատուցման սահմանաչափերը տասնապատիկ ավելացվել են՝ հասցելով 18 մլն դրամի և 33 մլն դրամի՝ համապատասխանաբար գույքի և անձնական վնասների մասով։
- Համակարգի շահագործման ընթացքում դրական պատմություն ունեցող ապահովադիրներին տրվող բոնուսները զգալիորեն գերազանցել են բացասական պատմություն ունեցող ապահովադիրներից ստացված մալուսային գումարները՝ հանգեցնելով Բոնուս-Մալուս համակարգի հավասարակշռության խաթարմանը։
- Հատկապես վերջին մի քանի տարում գրանցված վերանորագման և պահեստամասերի գների աճը հանգեցրել է հատուցումների ծավալի մեծացմանը։
Այս տարիների ընթացքում սակագների աճի վրա վերոհիշյալ և այլ գործոններից բխող ճնշումները չեզոքացվել են հիմնականում համակարգի ներքին բարեփոխումների և տեխնոլոգիական ու հսկողական բարելավումների հաշվին։ Սակայն վերջին տարիներին դիտվում է ԱՊՊԱ ոլորտում ծառայությունների մատուցման որակի նվազում (մասնավորապես գրանցվում են վնասների թերագնահատման, վճարումների ուշացման դեպքեր և այլն)։ Բյուրոն գնահատում է, որ առկա սակագների ներքո այս իրավիճակը կարող է նաև հանգեցնել ապահովագրական ծառայությունների մատուցման խափանումների և համակարգի ֆինանսական կայունության ռիսկերի։
Ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով, ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։ Դա կապահովի ապահովագրական ընկերությունների ծախսածածկումը և հասարակությանը մատուցվող ծառայությունների անհրաժեշտ որակը։
Բյուրոն, քննարկելով վերոնշյալը և գնահատելով, որ հիմնական ապահովագրավճարի 3000 դրամ ավելացումը՝ ռիսկայնության գործակիցների ճշգրտմանը զուգահեռ, կարող է շատ կտրուկ անբարենպաստ հետևանքներ ունենալ հատկապես խոցելի խմբի ապահովադիրների համար, որոշել է փոփոխել ապահովագրավճարների հաշվարկման մոտեցումը՝ անցում կատարելով խմբային սակագներից դեպի ավելի արդար՝ անհատական ռիսկերի վրա հիմնված ապահովագրավճարների հաշվարկման մեթոդաբանությանը։ Անհատական ռիսկերի վրա հիմնված գնագոյացումը կբացառի խմբային հատկանիշների վրա հիմնված գնագոյացման այնպիսի բացասական իրավիճակը, երբ, օրինակ, տաքսի նպատակով շահագործվող կամ բարձր ձիաուժ ունեցող ավտոմեքենաների սեփականատերերը ստիպված են լինում ավելի բարձր ապահովագրավճար վճարել զուտ այդ խմբում գտնվելու պատճառով՝ անկախ այն հանգամանքից, որ երբևէ չեն ունեցել վթարներ և ռիսկային չեն, ինչի պատճառով վերջինները հաճախ խուսափում են ավտոմեքենայի օգտագործման ճիշտ նպատակի նշումից՝ առաջացնելով կեղծ տեղեկատվության տրամադրումից բխող բացասական հետևանքներ (պայմանագրի վաղաժամկետ դադարեցում, հետադարձ պահանջ): Ներկայում, որպես այդ անցման համար առաջին քայլ, անհրաժեշտ է չեզոքացնել խմբային հատկանիշների վրա հիմնված ռիսկայնության գործոնների (ինչպիսիք են օրինակ ավտոտրանսպորտային միջոցի տեսակը, շարժիչի հզորությունը, օգտագործման նպատակը և այլն) կիրառումը։ Արդյունքում` այսուհետ կնույնականացվեն հիմնական և բազային ապահովագրավճարների չափերը։ Հետագայում՝ մինչև 2022թ դեկտեմբերի 31-ը, ընդունվելու են նոր կարգավորումներ, որոնք ենթադրելու են յուրաքանչյուր ապահովագրական ընկերության կողմից արդեն անհատական ռիսկերի վրա հիմնված ապահովագրավճարների գնագոյացում։
Բյուրոյի որոշմամբ՝ հիմնական և բազային ապահովագրավճարի տարեկան վերին շեմ ամրագրվել է 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ապահովադրի կողմից տվյալ ավտոմեքենայի գծով կնքված վերջին ԱՊՊԱ պայմանագրում նշված բազային ապահովագրավճարին գումարած 3000 ՀՀ դրամը, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքերի համար սահմանվել է, որ պետք է հիմք ընդունվի միասնական 41 հազար ՀՀ դրամ շեմը։ Ընդ որում, երկու դեպքում էլ վերջնական ապահովագրավճարի չափի հաշվարկման ժամանակ հիշյալ գումարները ճշգրտվելու են Բոնուս-Մալուս դասի գործակիցներով։ Վերջինի կիրառման արդյունքում Բոնուս-Մալուս ցածր ռիսկայնության և բազիսային խմբում գտնվող ապահովադիրների համար, որոնք համակարգում մեծամասնություն են կազմում, այդ ավելացումը կկազմի 1500-3000 ՀՀ դրամ, իսկ ապահովադիրների փոքր մասի՝ բարձր և միջին ռիսկային խմբում գտնվող 15 տոկոս ապահովադիրների դեպքում այդ ավելացումը կլինի ավելի շատ։
Նաև որոշվել է հանել հիմնական և բազային ապահովագրավճարների ստորին շեմը, որը թույլ կտա մրցակցության արդյունքում հետագայում նվազեցնել գործող սակագները:
Բյուրոն որոշել է նաև վերանայել Բոնուս-Մալուս համակարգի կիրառման մեթոդաբանությունը՝ հավասարակշռության և արդարության սկզբունքների ներքո։
Այսպես, այսուհետ տեղի ունեցած պատահարների գծով ստացվող մալուսների քանակի տարբերակման հիմքում դրվել է ոչ միայն հատուցումների քանակը, այլև հատուցման չափը: Նախկինում սպառողների կողմից բազմիցս քննադատվել է ԱՊՊԱ ոլորտում գործող այն մոտեցումը, որ տարբեր հատուցման չափով վթարների դեպքում վերջինների մոտ ավելանում էր միևնույն 4 մալուսային դասը։ Սույն փոփոխության շնորհիվ՝ այդ ավելացումը կլինի տարբերակված՝ մինչև 100 հազար ՀՀ դրամի չափով վնասներով պատահարների համար, որոնք կազմում են ընդհանուր պատահարների շուրջ 40 տոկոսը, ապահովադիրները կստանան ավելի բարվոք 3 մալուսային դաս, մինչև 200 հազար ՀՀ դրամի չափով վնասների դեպքում՝ նմանատիպ 4 մալուսային դաս, իսկ ավելի խոշոր պատահարների դեպքում՝ ավելի բարձր մալուսային դասեր։
Հաշվի առնելով Բոնուս-Մալուս համակարգի հավասարակշռության ապահովման պահանջը՝ փոփոխություններով կամ պետք է նվազեցվեին Բոնուս-Մալուս ցածր ռիսկային խմբում գտնվող ապահովադիրներին տրվող բոնուսները, կամ ավելացվեին մալուսային դասերի քանակն ու դրանց տրվող գործակիցները։ Ուստի նկատի ունենալով առաջինների խրախուսման առաջնահերթությունը և բոնուսի իջեցման անարդար լինելու հանգամանքը, որոնց թիվը, ինչպես արդեն նշել ենք, էականորեն ավելի մեծ է, քան բարձր և միջին ռիսկային խմբերում գտնվող ապահովադիրներինը, որոշում է կայացվել հավասարակշռվածությունը ապահովել հենց վերջինների հաշվին։
Կենտրոնական բանկի խորհրդի կողմից առաջարկվող փոփոխությունների գրանցումից հետո նոր կարգավորումները ուժի մեջ են մտնելու 2022 թվականի փետրվարի 7-ից (Բոնուս-Մալուս համակարգի փոփոխությունների մասով՝ 2022 թվականի մարտի 1-ից)»։