«Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին»․ Սերժ Սարգսյանը Սարդարապատի հուշահամալիրից ուղերձ է հղել - RadioVan.fm

Онлайн

«Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին»․ Սերժ Սարգսյանը Սարդարապատի հուշահամալիրից ուղերձ է հղել

2022-01-28 16:23 , Политика, 1098

«Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին»․ Սերժ Սարգսյանը Սարդարապատի հուշահամալիրից ուղերձ է հղել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:

Երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել Սարդարապատի հուշահամալիրից։

Ուղերձում, մասնավորապես ասված է․

«Հայոց բանակի օրվա առթիվ իմ ուղերձը այսօր հնչեցնում եմ հայ զինվորի հաղթական ոգու և հայոց ազգային արժանապատվության խորհրդանիշ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից:

Վայր, որտեղ ամեն խորհրդանիշ իր նշանակությունն ունի, որտեղ ամփոփված են ինչպես Սարդարապատի ճակատամարտի, այնպես էլԱրցախյան ազատագրական պայքարի հերոսների աճյուններ, որտեղ թևածող հայոց քաջազունների անմահ հոգիները ուժ, վճռականություն և անսասան հավատ են ներշնչում Հայրենիքի պաշտպանությանը պատրաստ յուրաքանչյուրին: Այստեղ «Սթափեցնող ուժերի» մարմնավորումն է կերտվել՝ որպես զգուշացում թշնամուն, բայց նաև հորդոր մեր ժողովրդին՝ երբևէ զգոնությունը չկորցնելու և սին պատրանքներով ու սուտ խոստումներով կործանման չգնալու: Այստեղ կենաց-մահու պայքարում դարերով կորցրած անկախությունը վերականգնելու, վերարժևորելու, Հայաստանի վերածննդի հաստատումն է և պատգամը՝ վճռական պահին միշտ պատրաստ լինել համախմբված կանգնելու հայ զինվորի կողքին և անհնարին թվացողը կրկին հնարավոր դարձնելու:

Անցած երեք տասնամյակների ընթացքում և´ փառահեղ հաղթանակներ տարած, և՛ վերջին պատերազմում հայրենադավ, վախկոտ ղեկավարների հրամանատարության ներքո ծանր պարտություն տեսած հայոց բանակի հոբելյանի օրը այս հաղթական վայրից կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել բոլոր ժամանակներում Հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին:

Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին:Հավատում եմ, քանի որ ես և իմ բազմաթիվ մարտական ընկերները Շուշիի ու Արցախի այլ բնակավայրերի ազատագրմամբ ականջալուր ենք եղել Սարդարապատի խորհրդին և ուժառել մեր քաջակորով նախնիների հերոսական սխրանքներից:

Ես հավատում եմ, որ հուշահամալիրի զանգակատան զանգերի ղողանջը դեռ ազդարարելու է նոր հաղթանակի լուրը, և այդ հաղթանակը Հայոց փառապանծ բանակն է կռելու՝ մեր ժողովրդի 30-ամյա զավակը:

Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ»:

Նշվում է, որ առավոտյան էլ ՀՀ երրորդ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդը ներդրած նվիրյալ զավակների ևՀայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Лента

Рекомендуем посмотреть