Ramalina arsenii․ եվրոպացի գիտնականներն իրենց հայտնաբերած քարաքոսի նոր տեսակն անվանակոչել են հայ գիտնականի անունով - RadioVan.fm

Онлайн

Ramalina arsenii․ եվրոպացի գիտնականներն իրենց հայտնաբերած քարաքոսի նոր տեսակն անվանակոչել են հայ գիտնականի անունով

2022-01-27 15:43 , Наука, HiTech, 1453

Ramalina arsenii․ եվրոպացի գիտնականներն իրենց հայտնաբերած քարաքոսի նոր տեսակն անվանակոչել են հայ գիտնականի անունով

Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականներ Էմմանուել Սերյուզիոն, Նիկոլաս Մագեյնը և հոլանդացի գիտնական Պիտեր վան դեն Բումը հայտնաբերել են քարաքոսի Ramalina ցեղի նոր տեսակ և այն անվանակոչել են ի պատիվ ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի քարաքոսերի հետազոտման ու պահպանության գիտական խմբի ղեկավար Արսեն Գասպարյանի՝ Ramalina arsenii:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տեղեկատվական-վերլուծական ծառայությունից նշում են, որ եվրոպացի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակված են Քեմբրիջի համալսարանի կողմից տպագրվող «The Lichenologist» գիտական ամսագրում:

Գիտական հոդվածում մասնավորապես նշված է.

«Այս նոր տեսակն անվանվել է մեր ականավոր գործընկեր դոկտոր Արսեն Գասպարյանի պատվին, ով վերանայել է Ramalina pollinaria քարաքոսերի խմբի դասակարգումը (Gasparyan et al. 2017), նա նաև հրապարակել է Հայաստանի էպիֆիտային քարաքոսերի վերաբերյալ հետաքրքիր մենագրություն (Gasparyan & Sipman 2016) (This new species is named after our distinguished colleague Dr Arsen Gasparyan, who revised the taxonomy of the Ramalina pollinaria group (Gasparyan et al. 2017); he also published an interesting account of epiphytic lichens in Armenia (Gasparyan & Sipman 2016)»:

Նշվում է, որ Ramalina ցեղը շուրջ 200 տեսակի քարաքոսեր է պարունակում: Այս նոր տեսակը, որը հայտնաբերվել է ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի Ալպերում, միջին գոտիներում քարերի վրա աճող տեսակ է:

«Ես ինքս Հայաստանում հայտնաբերել եմ Ramalina ցեղի քարաքոսի 2 նոր տեսակ: Իմ գործընկերները, հաշվի առնելով այս իմ ներդրումը, այդ նոր տեսակն անվանակոչել են իմ անունով»,-ասել է Արսեն Գասպարյանը:

Իր դոկտորական աշխատանքի ընթացքում Արսեն Գասպարյանը քարաքոսերի լայնածավալ հետազոտություններ է կատարել Հայաստանի տարածքում:

«2011 թ-ին, երբ նոր էի սկսում իմ հետազոտությունները, ամբողջ Հայաստանից հայտնի էր քարաքոսի 422 տեսակ: Երբ եղավ իմ դոկտորական աշխատանքի ավարտական հրապարակումը, այդ թիվը հասել էր 617-ի: Ընդամենը մի քանի տարվա ինտենսիվ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվեց քարաքոսի 195 նոր տեսակ Հայաստանում և 5 նոր տեսակ աշխարհում: Սա ցույց է տալիս, որ եթե կենսաբազմազանության ոլորտի այս կամ այն ճյուղը մի քանի տարի շարունակ ինտենսիվ հետազոտվի, տեսակների այն թվերը, որոնք մենք ունենք, մի քանի անգամ կարող են աճել», - ընդգծել է Արսեն Գասպարյանը:

Лента

Рекомендуем посмотреть