«Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում և ամբողջ աշխարհում նկատվում է օմիկրոն շտամով հիվանդացության կտրուկ աճ»,-այդ մասին կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Հայաստանում համաճարակային իրավիճակին, ներկայացնելով վերջին մեկ օրում գրանցված ցուցանիշները։
«Մենք երեկ գրանցել ենք 2556 նոր դեպք, իրականացվել է 7407 թեստավորում, ունեցել ենք 2 մահ: Այս շաբաթ պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում: Ինչ վերաբերվում է հիվանդացածների շրջանում հոսպիտալացման տոկոսներին, այն տատանվում 5-6 տոկոս: Այսինքն՝ հիվանդացածների 5-6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման, ինչը կարելի է ասել միակ ուրախալի լուրն է այս ընթացքում: Սրան է նպաստում ինչպես պատվաստվածների մեծաթիվ արդեն ընդգրկվածությունը, և իհարկե, նաև շտամի որոշակի առանձնահատկությունները: Մենք ունենք հստակ հիվանդանոցային կարողությունների՝ մահճակալների ծավալման պլանը: Այս պահին դեռ այն ամբողջովին չենք գործարկել, և դա կանենք ըստ պահանջի: Ներկայումս 6 բժշկական կենտրոններ են, որոնք ընդգրկված են ՔՈՎԻԴ բուժման մեջ և հընթացս ըստ կարիքի նաև կծավալենք հավելյալ մահճակալային ֆոնդ:
Պատվաստումները ևս ակտիվ շարունակվում են. առաջին դեղաչափը ստացել է մեր քաղաքացիների արդեն 45.3 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 37 տոկոսը: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատում ենք նաև պատվաստումների թվի աճ, ինչն իհարկե ուրախալի է: Մենք տեսնում ենք, որ պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում առանց ախտանիշի կամ թեթև ախտանիշերով»,-ասել է առողջապահության նախարարը:
Մհեր Գրիգորյանը հետաքրքվել է, թե արդյոք երկրում պատվաստանյութերի պաշարը բավարար է: Ի պատասխան Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ երկիրն ապահովված է պատվաստանյութերի բավարար պաշարով, և պատվաստանյութերի մատակարարումներն իրականացվում են ըստ ժամանակացույցի:
Անահիտ Ավանեսյանը նշել է նաև, որ Հայաստանում պատվաստածների շրջանում գերակշռում են 35-60 տարեկանները, նա մտահոգություն է հայտնել ռիսկի խմբի պատվաստման ցածր ցուցանիշների առնչությամբ։
«65+ քաղաքացիների պատվաստումը կազմում է 18-19 տոկոս, ինչը մտահոգիչ է: Հիմա մեր գլխավոր թիրախը, գլխավոր նպատակը բարձրացնել հենց 65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումների ընդգրկվածությունը, որովհետև գիտենք, որ առաջնային ռիսկի խումբը նրանք են հանդիսանում: Ունենք պատվաստումներ մինչև 18 տարեկան երեխաների շրջանում: 12-18 տարեկանների շրջանում առաջին դեղաչափը ստացել է 1675 անձ, երկրորդ դեղաչափը՝ 1000»,-ասել է Անահիտ Ավանեսյանը։