«Մեկ դար առաջ բացվեց առաջին պետական թատրոնի վարագույրը՝ բացելով ճանապարհ դեպի պրոֆեսիոնալ թատերական գործունեության ամրապնդում, համաշխարհային դասական դրամատուրգիայի յուրացում, ռեժիսորական որոնումներ ու դերասանական բացառիկ դրսևորումներ»․ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանն ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը։
Նա նշել է, որ նախարարության աջակցությամբ և համագործակցությամբ թատրոնն այսօր ապրում է բովանդակային և ոճական նորոգումների իր շրջանը, և իրենց առաջնային խնդիրն է ունենալ բարեկարգ և ներկայանալի թատրոն, ուշագրավ և բարձրակարգ ներկայացումներ, կրթական-մշակութային նախագծեր և լեցուն դահլիճներ, ինչի ուղղությամբ, վստահեցրել է նախարարը, իրականացվում են հետևողական աշխատանքներ:
«Ես ուզում եմ հաստատել, որ մենք նոր դեմքով ենք կանգնել ապագային ընդառաջ»,-ասել է թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը՝ երախտագիտության խոսք ուղղելով այն մշակութային գործիչներին, որոնց աշխատանքի ու նվիրման շնորհիվ թատրոնը կերտել է իր մեկդարյա պատմությունը։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի հորդորով ներկաները ծափողջույններով հիշել են մայր թատրոնի պատմության էջերում իրենց վաստակն ամրագրած մեծերին։
Էլբակյանը նկատել է․
«Նրանք, ովքեր ինձնից առաջ են աշխատել, փորձել են թատրոնում պահպանել ավանդույթները և ազգային մտածողությունը: Նույնը փորձում ենք անել նաև մենք՝ բեմ բարձրացնելով թե´ համաշխարհային, թե´ ազգային գրականությունը, փոխանցելով և կիսելով մեր հույզերն ու հոգսերը»։
ԿԳՄՍ նախարարությունից հավելում են նաև, որ հյուրերին կատարումներով ողջունել է Հայաստանի պետական կամերային նվագախումբը։