Աշխատանքային այցով Լյուսքեմբուրգում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի արտաքին գերատեսչության ղեկավար Ժան Ասելբորի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, մտքեր փոխանակել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների լուծման շուրջ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքից տեղեկանում ենք, որ Արարատ Միրզոյանն ու Ժան Ասելբորը շեշտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո, անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացին, շեշտել տարածաշրջանի պետությունների միջև փոխգործակցության հաստատման և կայուն զարգացման համար նախադրյալների ստեղծման կարևորությունը։
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելիի հետ հանդիպման ժամանակ կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերի միջոցով խորացնելու երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը, բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտակրթական ոլորտներում համագործակցությունը։
Միրզոյանը Բետելին է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը:
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ հունվարի 26-ին էլ կայացած հանդիպմանը, անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը, Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ համաձայնագրի շրջանակներում հետևողականորեն զարգացնելու ԵՄ հետ համագործակցությունը՝ այս առումով կարևորելով նաև Լյուքսեմբուրգի աջակցությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում Պատգամավորների պալատի կողմից բանաձևերի ընդունման համար՝ ի սատարումն Արցախի հայության և նրանց իրավունքների պաշտպանության և պատերազմի հետևանքների վերացման։ Նախարարը նաև բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի օրենսդիր և գործադիր իշխանությունների դիրքորոշումը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտության առնչությամբ։