ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։
Պաշտպանության նախարարությունից (ՊՆ) հայտնում են, որ ռազմական նոր ավիացիոն տեխնիկայի ընդունման կապակցությամբ հունվարի 25-ին «Էրեբունի» օդակայանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում, որին ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։
Բանակի կազմավորման տարեդարձին ընդառաջ, շնորհավորելով անձնակազմին, զորամասի հրամանատարությունը վստահություն է հայտնել, որ օդային սահմանների պաշտպանները պատրաստ են կատարել առաջադրված խնդիրները և անսասան պահել երկրի օդային դարպասները։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին են ներկայացվել ուղղաթիռների մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու առանձնահատկությունները։