Ռուսաստանը պաշտոնական արձագանք է ակնկալում Երևանից և Բաքվից. Զախարովան՝ Մինսկի խմբի՝ տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության մասին - RadioVan.fm

Онлайн

Ռուսաստանը պաշտոնական արձագանք է ակնկալում Երևանից և Բաքվից. Զախարովան՝ Մինսկի խմբի՝ տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության մասին

2022-01-20 15:46 , Политика, 814

Ռուսաստանը պաշտոնական արձագանք է ակնկալում Երևանից և Բաքվից. Զախարովան՝ Մինսկի խմբի՝ տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության (ՌԴ ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է Մոսկվայի դիրքորոշումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Բաքուն կկասեցնի ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը» հայտարարության առնչությամբ։

Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, աջակցում է այս ձևաչափի աշխատանքի շարունակականությանը, առաջին հերթին իր մանդատին համապատասխան և, իհարկե, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականից հետո։

«Մեր այդ դիրքորոշումը լիովին կիսում են Մինսկի խմբի մեր գործընկերները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Դա արտացոլվել է անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ»,-ասել է Զախարովան՝ հիշեցնելով, որ այդ փաստաթուղթը կոչ էր անում Բաքվին և Երևանին մոտ ապագայում տարածաշրջանում ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչը նրանց թույլ կտա «անմիջապես տեղում գնահատել իրավիճակը, հասնել շոշափելի առաջընթացի մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ դրանք քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ «եռյակի» հանդիպումներում»։

«Վերոնշյալ շփումների արդյունքում, որոնք տեղի են ունեցել նախորդ տարվա սեպտեմբերին և նոյեմբերին համապատասխանաբար Նյու Յորքում և Փարիզում, համանախագահները 2021 թվականի դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում, երկու նախարարներին փոխանցել են հավասարակշռված, բավական իրատեսական առաջարկներ հետագա փոխգործակցության օրակարգի համար։ Սա ուղղված էր հումանիտար հրատապ խնդիրների և հարցերի լուծմանը, առաջին հերթին՝ սոցիալ-տնտեսական ոլորտում։ Մենք ակնկալում ենք կողմերի պաշտոնական արձագանքը, այդ թվում՝ «եռյակի» տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության հարցի շուրջ»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ խոսնակի ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть