Արտերկրում ծառայող դիվանագետներին տրվող փոխհատուցման չափերում փոփոխություններ կկատարվեն․ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) առաջարկած «ազգային ինդեքսի» հիման վրա հաշվարկված փոխհատուցման չափերի որոշման նախագիծը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ գործող կարգը հաստատվել է 2014թ-ին ու մինչ օրս չի վերանայվել, մինչդեռ, փոխհատուցման չափերը, ըստ նրա, գործնականում չեն համապատասխանում տարբեր երկրների համար նախատեսված նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին:
Ուստի առաջարկվում է փոխհատուցման չափերի վերահաշվարկի հատուկ բանաձև՝ ըստ տվյալ երկրի սոցիալ-տնտեսական իրողությունների:
Կարգավորումը թույլ կտա ապահովել ոչ միայն դիվանագետի և նրա ընտանիքի տեղափոխման ընթացքում առաջացած ծախսերը (ուղեբեռի գումար), այլև սկզբնական ընթացիկ ծախսերը գործուղման առաջին ամսվա ընթացքում՝ մինչև իր հասանելիք վճարումները ստանալը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ այս որոշման նախագծի ընդունումը առաջին հայացքից կարող է խիստ անպատեհ թվալ ու պարզաբանել է.
«Նույնիսկ բնական ռեակցիա կարելի է համարել այն, որ մենք երկրում ունենք բազմաթիվ սոցիալական սուր և սրվող խնդիրներ և այս ընթացքում ինչով ենք զբաված․ զբաղված ենք դիվանագետների նյութական բարելավման խնդիրների լուծումով, դատաիրավական համակարգում աշխատավարձերի որոշակի բարձրացման գործընթաց ենք սկսել, սոցիալական երաշխիքների ամրապնդման գործընթաց ենք սկսել և, միևնույն ժամանակ, մեզ քննադատում են և այդ քննադատությունը անպատեհ համարել չի կարելի, որ մենք սոցիալական ծախսերի ուղղությամբ բավարար մեծ ծախսեր չենք նախատեսել»։
Փաշինյանի արձանագրմամբ՝ դիվանագիտական ծառայության օղակներում ունենք խորշեր։
«2018-19 թթ. դրությամբ դիվանագիտական ծառայության օղակներ ենք ունեցել, որոնք ֆինանսավորվել են ինչ-որ անհատ անձանց գրպանից, այսինքն՝ դեսպանատուն, որը ֆինանսավորվում է անհատի գրպանից, սա պետական ինստիտուտների կայացման մասին է խոսում։ Մենք այսօր շատ ծանր որոշում ենք կայացրել և որոշել ենք, որ պետք է մեր երկրի ինստիտուցիոնալ բացերը լուծենք և առաջին հերթին զբաղվենք դրանով»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ հիմա գիտության, կրթության, ժողովրդավարության ոլորտներում հսկայական չափով ներդրումներ են անում։
«Շատ հաճախ քննադատում ենք մեր դիվանագիտական ծառայությանը, բայց մենք հարց տվե՞լ ենք, թե իրենք ինչ պայմաններում են աշխատում»,-ասել է նա։
Գործադիրի ղեկավարի գնահատմամբ՝ այս կարգի որոշումները դժվար է։
«Թեկուզ մեր քաղաքական կապիտալը զրոյացնելու հաշվին՝ պետք է ՀՀ-ում պետական ինստիտուտների և պետական համակարգի կայացման ճանապարհով գնանք։ ․․․Լինելու են քննադատություններ, շահարկումներ, մենք ոչ մի քննադատություն չենք արհամարհում, բայց մենք ունենք կամք մեր անելիքն անելու, և մենք մեր անելիքն անելու ենք»,-ընդգծել է Փաշինյանը։
Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում։