Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը դժգոհություն էր հայտնել առ այն, որ ռուսական խաղաղապահ զորակազմը խոչընդոտներ է հարուցում Արցախի տարածքից հայերի արտահոսքի համար և տարբեր միջոցներով անում է այնպես, որ հայերը մնան Արցախում. արձանագրումը Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանինն է, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Խաղաղապահների կողմից Արցախում խաղաղ կյանքի վերականգնման ուղղությամբ ներդրվող ջանքերը դժգոհություն են հարուցում ադրբեջանական իշխանությունների համար։
Սա ոչ այլ ինչ է, քան Արցախի տարածքում հայերի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու, բնիկ հայկական բնակչությանը տեղահանելու, հայրենազրկելու ադրբեջանական քաղաքականության մասին ինքնախոստովանություն։
Արցախը յուրացնելու և ժողովրդագրությունը հօգուտ ադրբեջանցիների փոխելու ճանապարհով հարցը վերջականապես փակելու քաղաքականությունն Ադրբեջանում նոր չէ, և այն ավելի լայն թափ է ստացել Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի կառավարման տարիներին՝ մասնավորապես 1970-ական թվականներին։
Դեռևս 2002 թ-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Հեյդար Ալիևը ուղիղ տեքստով նշել է․ «Միևնույն ժամանակ ես ձգտել եմ փոխել դեմորգրաֆիական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղը բարձրացնում էր այնտեղ բարձրագույն ուսումնական հաստատություն բացելու հարցը։ Մեզ մոտ բոլորը առարկեցին։ Ես մտածեցի և որոշեցի բացել։ Բայց մի պայմանով, որ գործելու են երեք հոսքեր՝ ադրբեջանական, ռուսական և հայկական։ Բացեցինք։ Հարակից շրջաններից ադրբեջանցիներին մենք ուղորդում էինք ոչ թե Բաքու, այլ այնտեղ [ԼՂԻՄ]։ Բացեցինք այնտեղ նաև մեծ կոշկի ֆաբրիկա։ Բուն Ստեփանակերտում աշխատուժ չկար։ Մարզի շրջակա բնակավայրերից ադրբեջանցիներին ուղարկում էինք այնտեղ [ԼՂԻՄ]։ Այս և այլ միջոցներով ես ձգտում էի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ավելի շատ ադրբեջանցիներ լինեն, իսկ հայերի թիվը նվազի»։
Այս եղանակով Արցախի հարցը փակելուն է ուղղված նաև ադրբեջանական իշխանությունների կողմից բոլոր միջոցներով Արցախում խաղաղ կյանքը խաթարելու, մարդկանց տարրական իրավունքները ոտնահարելու, վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորելու համակարգված քաղաքականությունը։ Դրան է ուղղված նաև Իլհամ Ալիևի ամբողջությամբ կեղծ ու մանիպուլյատիվ տվյալները Արցախում ապրող հայերի թվաքանակի վերաբերյալ։ Տարբեր հայտարարություններում և հարցազրույցներում նա միտումնավոր ներկայացնում է Արցախի բնակչության իրական թվի հետ որևէ աղերս չունեցող տվյալներ։ Որոնք, ի դեպ, մի քանի անգամ հերքվել են նաև ռուսական կողմի ներկայացրած տվյալներով։
Տարբեր երկրների պաշտոնական և քաղաքական շրջանակների, իրավապաշտպան համայնքի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունն եմ հրավիրում և կոչ անում չտրվել արդբեջանական մանիպուլյացիաներին և Արցախի մասին հստակ ու անկողմակալ տեղեկություններ ունենալու համար այցելել Արցախ կամ օգտվել օբյեկտիվ աղբյուրներից»։