«Ալյանս» կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի կինը՝ «Ալյանս» կուսակցության կանանց միության պատվավոր նախագահ Նատալյա Ռոտենբերգը ստացել է Հայաստանի անձնագիր։
Այդ մասին հայտնում են «Ալյանս»-ից՝ հատկանշական համարելով, որ նա հայկական քաղաքացիությունը ստացել է հենց իր ծննդյան օրը՝ հունվարի 18-ին։
Նատալյա Ռոտենբերգը հայերենով ընթերցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքն ու իր շնորհակալությունը հայտնել ՀՀ կառավարությանը՝ վստահության համար։ Նա խոստացել է, որ կանի ամեն բան, որպեսզի անձնագիրը չկրի սիմվոլիկ բնույթ, այլ դառնա նոր ու ավելի մեծ գործերի հիմք, որոնք կնպաստեն Հայաստանի բարգավաճմանը։
Հիշեցնենք՝ Նատալյա Ռոտենբերգը գլխավորում է 2021-ի դեկտեմբերին ստեղծված կանանց միությունը։