Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովը դեռևս չի ստեղծվել․ լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան ասել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ)՝ նշելով «ադրբեջանա-հայկական սահմանի կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու և գործընթացը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը մղելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք է բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների միջև Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում և այդ մասին նշվում է նաև հանդիպման արդյունքներով տարածված համատեղ հայտարարությունում»։
Արտգործնախարարությունից, միաժամանակ, վստահեցրել են՝ Հանձնաժողովի ձևավորման ուղղությամբ նոր տեղեկության առկայության դեպքում հանրությունն այդ մասին պատշաճ կիրազեկվի»։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով հայկական կողմից նոր առաջարկների մասին հունվարի 14-ին խոսել էր Ռուսաստանի արտգործնախարարը՝ նշելով, որ Մոսկվան դրանք կփոխանցի Բաքվին։
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ, ով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է, երեկ հաստատել է, որ պաշտոնական Երևանը սահմանազատման և սահմանագծման նոր առաջարկներ է ուղարկել։