Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որն առնչվում է 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար դիմումատուին դատապարտելուն:
Հիշեցնենք՝ 2008 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի աջակից Նիկոլ Փաշինյանը բողոքի ցույցերի ֆոնին անազատության մեջ է պահվել 2009-ի հոկտեմբերից մինչև 2010-ի հունվարը։
ՄԻԵԴ-ը վճռել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը։
Մասնավորապես, արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետևյալ խախտումները.
-11-րդ հոդվածի խախտում՝ Հավաքների և միավորման ազատություն (Հոդված 11-1. Խաղաղ հավաքների ազատություն),
-5-րդ հոդվածի խախտում՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք իրավունք (հոդված 5-1՝ օրինական ձերբակալություն կամ կալանավորում)։
Նշենք՝ Հայաստանի գործող վարչապետ, այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Փաշինյանը դրամական փոխհատուցման պահանջ պետությանը չի ներկայացրել: