«ՀՀ պետական սահմանների չորոշված լինելու պայմաններում ի՞նչ «ադրբեջանական կողմի» կամ տարածքի մասին է խոսքը»․ Թաթոյանը՝ «թևեր» տվող ձևակերպման մասին - RadioVan.fm

Онлайн

«ՀՀ պետական սահմանների չորոշված լինելու պայմաններում ի՞նչ «ադրբեջանական կողմի» կամ տարածքի մասին է խոսքը»․ Թաթոյանը՝ «թևեր» տվող ձևակերպման մասին

2022-01-17 15:57 , Политика, 1111

«ՀՀ պետական սահմանների չորոշված լինելու պայմաններում ի՞նչ «ադրբեջանական կողմի» կամ տարածքի մասին է խոսքը»․ Թաթոյանը՝ «թևեր» տվող ձևակերպման մասին

Սյունիքի մարզի Տեղ գյուղի խաղաղ բնակչին ադրբեջանական զինված ծառայողները հունվարի 13-ին ակնհայտ անօրինական ազատությունից զրկել են, խախտել են նրա սեփականության իրավունքը՝ հափշտակելով ոչխարները․ արձանագրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ չպետք է մոռանալ, որ խոսքը սովորական մարդկային ճակատագրերի մասին է, տարիների քրտնաջան աշխատանքով վաստակած ապրուստ, ընտանիքի եկամուտ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու բնական իրավունք:

«Մարդիկ ապրում են իրենց ու ընտանիքների կյանքի ու ապրուստի համար իրական անհանգստության մեջ:

Բա սա նորմա՞լ վիճակ է, կյանքի նորմալ պայմաննե՞ր են:

Բայց այս ամենը պետք է դրվի պետական քաղաքականության հիմքում, իսկ անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց:

Ադրբեջանական հանցավոր արարքների փաստերը տալիս են նրանց զինված ծառայողներին հեռացնելու իրատեսական հնարավորություն, ուղղակի պետք է արագ ու ճիշտ գործել:

Մինչև սահմանների որոշման պաշտոնական գործընթացների ավարտը ի՞նչ գործ ունեն ադրբեջանական զինված ծառայողներ, որոնք հիմնովին խաթարել են մարդկանց բնականոն կյանքը:

Բայց ի՞նչ է արվում: Օրինակ՝ Տեղի բնակչի հետ կապված միջադեպով էլի շրջանառության մեջ դրվեց անթույլատրելի քաղաքական մոտեցումը, թե Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակիչն է անցել «ադրբեջանական կողմ»՝ տպավորություն ստեղծելով, թե «մեղավորը» նա է, այլ ոչ թե նրա նկատմամբ քրեորեն պատժելի արարքներ՝ հանցանքներ թույլ տված ադրբեջանական զինված ծառայողները:

Էլի հղում անելով իմ հայտարարությանը՝ հրապարակային փորձ արվեց հերքել դրա ձևակերպումները՝ առանց հաշվի առնելու, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրություններում ամեն ձևակերպում ընտրված է և ունի նպատակային նշանակություն:

Նման քաղաքական մոտեցում առաջ տանողներին պետք է հատուկ բացատրել, որ նման մեկնաբանություններով ադրբեջանական զինված ծառայողներին «թևեր» են տալիս, դարձնում են ավելի սանձարձակ: Թուլացնում են մեր քաղաքացիների իրավունքների միջազգային պաշտպանությունը՝ գեներացնելով խոչընդոտող ապացույցներ: Նման մեկնաբանությունները պետք է վերանան ու վերջ:

Եվ հետո՝ ՀՀ պետական սահմանների չորոշված լինելու պայմաններում ի՞նչ «ադրբեջանական կողմի» կամ տարածքի մասին է խոսքը: Կամ խաղաղ բնակիչները ինչու՞ պետք է այս քաղաքական սխալ մոտեցումների զոհը դառնան»,-ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ ՄԻՊ Արման Թաթոյանը հունվարի 13-ին ահազանգել էր, որ ադրբեջանական 4 զինված ծառայող առևանգել են Սյունիքի Տեղ համայնքի բնակչին ու նրա 400-450 ոչխարը։

Արցախում ռուս խաղաղապահների ներկայացուցչությունն ավելի ուշ հաղորդեց, որ Տեղ համայնքի բնակչին ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներին, ոչխարների մասին, սակայն որևէ լուր չկար։

Лента

Рекомендуем посмотреть