ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնած հայ զինծառայողներըվերադառնում են հայրենիք. հայ, բելառուս, տաջիկ խաղաղապահների վերադարձի համար Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ) տրամադրել էИл-76օդանավեր։
«ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմից Հայաստանի Հանրապետության ստորաբաժանումների անձնակազմը, որ կատարել է Ղազախստանի Հանրապետությունում սոցիալ-նշանակալի օբյեկտների պահպանության խնդիրները, ավարտելով «Ալմաթի» օդանավակայանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներում բեռնումը, վերադառնում է տուն»,-ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Ղազախստանում հունվարի 2-ից բողոքի ցույցեր են իրականացվում ընդդեմ հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 5-ին երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն մտցրեց՝ օգնության համար դիմելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Ղազախստան ուժեր ուղարկելու մասին որոշումը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն ընդունեցին մի քանի ժամում։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին որոշմամբ՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվեցին Ղազախստան՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։ Առաքելության շրջանակում Ղազախստան էր մեկնել շուրջ 100 հայ խաղաղապահ: