Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտնում է, որ իր ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար:
«Հետևել տիրոջ պատգամներին և հնարավորինս օգնել մարդկանց, ա՛յս է ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհը...
Սիրելի՛ հայ ժողովուրդ,
Մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու:
Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը՝ կեց ներկայացնելով նաև տեսանյութ:
Ֆիլմում Ծառուկյանը նշում է, որ միայն արձանը պետք է ունենա 33 մ բարձրություն՝ Քրիստոսի տարիքին համապատասխան։
Ծառուկյանի համոզմամբ՝ վերոնշյալ նախաձեռնությունը հույսով ու լույսով կլցնի հայ ժողովրդին։
Գործարարը հաղթողին խոստանում է մեծ պարգևատրում։