«ՀԱՊԿ-ը միայն Ղազախստանի համար չէ», «ՀԱՊԿ-ը նախագահում ես, որ ի՞նչ անես», «Դադարեցրեք երեխեքի սպանդը», «Լուծեք մեր պաշտպանության հարցը կամ հեռացեք», «Մայրերը սպասում են իրենց որդիներին». այս և նման այլ գրությամբ պաստառներով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ այսօր կառավարության շենքի առջև էին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու սահմանին նոր զոհերի խնդրով:
«Իշխանությունը հաջողացրեց հպարտանալ, որ երկու օրվա ընթացքում իրենք աշխատեցրին ՀԱՊԿ-ի չաշխատող համակարգը, ուզում եմ հիմա էլ աշխատեցնեն՝ այս անգամ էլ հօգուտ մեր երկրի»,-«Ռադիո Վան»-ին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հավաքվածների խոսքով՝ սահմանին իրավիճակը անհանգստացնող է և, ըստ նրանց, պետությունը խնդիրները լուծելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները չի ձեռնարկում:
«Զոհերի թիվը չի պակասում և որևէ բան չի ձեռնարկվում իրավիճակը փոխելու համար», «Չենք կարող ամեն օր արթնանալ և կարդալ հերթական լուրը, որ սահմանին մարդ է մահացել անհասկանալի պատճառներով: Պահանջում ենք պետությունից պատասխանատվություն ստանձնել, համապատասխան ջանքեր գործադրել ու բոլոր ռեսուրսները ներդնել խնդրի լուծման համար». նշեցին ակցիայի մասնակիցները:
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, որի ձեռքերում պարզած էր «Կանայք՝ այս մսաղացը սարքողների դեմ» գրությամբ պաստառ՝ մեզ հետ զրույցում ասաց.
«Կանայք և մայրերը անընդունելի են համարում չարդարացվածմահերը, անընդունելի են համարում մարդկանց իշխանությունը, ովքեր չեն կարող լուծեր մարդկանց կյանքի իրավունքի հարցը»:
Ակցիայի մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք՝ հունվարի 11-ի կեսօրից հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանը դիմել էր սադրանքի, որի հետևանքով 3 հայ զինծառայող է զոհվել: Որևէ արձագանք ՀԱՊԿ անդամ երկներից չեղավ:
Մինչ այդ՝ երկրում հեղուկ գազի գնի բարձրացման պատճառով այս տարվա առաջին օրերին ծավալված բողոքի ակցիաների ֆոնին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել «ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին հայտարարեց, որ «Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով»։
Հունվարի 10-ին Ղազախստանի հարցով հրավիրված ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում էլ նիստը նախագահող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան