ՀԱՊԿ պաշտպանության նախարարները ստորագրել են Ղազախստանից խաղաղապահների դուրսբերման որոշում - RadioVan.fm

Онлайн

ՀԱՊԿ պաշտպանության նախարարները ստորագրել են Ղազախստանից խաղաղապահների դուրսբերման որոշում

2022-01-13 18:53 , Политика, 992

ՀԱՊԿ պաշտպանության նախարարները ստորագրել են Ղազախստանից խաղաղապահների դուրսբերման որոշում

ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով՝ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «Ղազախստանի Հանրապետության տարածքից ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ստորաբաժանումների վերադարձը մշտական տեղակայման վայրեր կազմակերպելու մասին»

Հունվարի 13-ին տեսակապի միջոցով կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ նիստը վարել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մուրատ Բեկտանովը, Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Բակտիբեկ Բեկբոլոտովը, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Շերալի Միրզոն, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թախիր Խայրուլոևը և Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները նիստի ընթացքում քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողության արդյունքները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման և առաջացող սպառնալիքներին արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցեր։

«ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով՝ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «Ղազախստանի Հանրապետության տարածքից ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ստորաբաժանումների վերադարձը մշտական տեղակայման վայրեր կազմակերպելու մասին» ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ որոշումը»,-մանրամասնում է պաշտպանական գերատեսչությունը:

Հիշեցնենք՝ երկրում հեղուկ գազի գնի բարձրացման պատճառով ծավալված բողոքի ակցիաների ֆոնին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հունվարի 5-ին լուծարեց կառավարությունը՝ դառնալով Անվտանգության խորհրդի ղեկավար։ Իր գլխավորությամբ Անվտանգության խորհրդի առաջին նիստում Տոկաևը Ղազախստանում ստեղծված իրավիճակը որակելով որպես պետության ամբողջականությունը խաթարող՝ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել «ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում կայացրեց հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրավիճակը կարգավորելու համար։

Հունվարի 6-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստորագրեց որոշում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանմանը թույլատրելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ գործողություններին:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 11-ինհայտարարեց, որ ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը երկրից կսկսվի երկու օրից:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ այսօր կայացած հանդիպմանը, ասել է, թե վաղը 14 օդանավով Ղազախստանից դուրս կբերվեն Հայաստանի, Բելառուսի և Տաջիկստանի խաղաղապահները։ Ղազախստանին սահմանակից Ղրղըզստանի ուժերը դուրս կգան առանց տրանսպորտային միջոցների օգնության: Այսօր առաջինը դուրս են բերվել Ռուսաստանի օդա-դեսանտային ուժերի մի մասը։ Ղազախստանից ՀԱՊԿ-ի ուժերի ամբողջովին դուրս բերելը նախատեսվում է ավարտել հունվարի 19-ին։

Лента

Рекомендуем посмотреть