Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից․ այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, երկու օրից կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահների միավորված զորախմբի փուլային դուրսբերումը»,-«ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանի պատգամավորների առջև։
Տոկաևի խոսքով՝ այդ գործընթացը կտևի 10 օրից ոչ ավելի։
Հիշեցնենք՝ հեղուկ գազը ավելի քան կրկնակի թանկացման պատճառով Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 1, 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ: Թեև կառավարությունը խոստացավ չեղարկել որոշումը, այդուամենայնիվ, բողոքի ակցիաները օրերի ընթացքում վերածվել էին զանգվածային անկարգությունների, հարձակումներ էին իրականացվել պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, այս պահի տվյալներով՝ 164 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 անչափահաս, Ղազախստանի իրավապահ մարմինները գրեթե 8 հազար մարդու են ձերբակալել։ Երկու շաբաթով երկրի տարածքում արտակարգ դրություն մտցվեց, կառավարությունը պաշտոնանկ արվեց, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնում փոխարինեց երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։
Ղազախստանի ղեկավարը հայտարարել է երկրում հեղաշրջման փորձի ձախողման մասին և խոստացել է ներկայացնել քաղաքական բարեփոխումների նոր փաթեթ։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում էր կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր: Հայաստանից Ղազախստան էին մեկնել շուրջ 100 խաղաղապահներ։ Նրանց առաքելությունը, ինչպես ներկայացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթների իրականացումն է: