Նախատեսված 1 տրիլիոն 440 մլրդ դրամ եկամտային մասը դեկտեմբերի 30-ի դրությամբ գերակատարվել է 146 մլրդ-ով․ ՊԵԿ նախագահ - RadioVan.fm

Онлайн

Նախատեսված 1 տրիլիոն 440 մլրդ դրամ եկամտային մասը դեկտեմբերի 30-ի դրությամբ գերակատարվել է 146 մլրդ-ով․ ՊԵԿ նախագահ

2021-12-30 18:11 , Политика, 1301

Նախատեսված 1 տրիլիոն 440 մլրդ դրամ եկամտային մասը դեկտեմբերի 30-ի դրությամբ գերակատարվել է 146 մլրդ-ով․ ՊԵԿ նախագահ

«Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքով եկամտային մասը նախատեսվում էր 1 տրիլիոն 440 մլրդ դրամ: Այս թիվը դեկտեմբերի 30-ի դրությամբ գերակատարվել է 146 մլրդ-ով: Այսինքն՝ մենք կատարել ենք եկամտային հատվածը 1 տրիլիոն 586 մլրդ: Սա դեկտեմբերի 30-ի դրությամբ: Այսօր ևս ակնկալվում են մուտքեր: Վերջին ճշգրտված պլանը եղել է 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքով, որը նախանշվել է 1 տրիլիոն 581 մլրդ»,-թվերը կառավարության այսօրվա նիստում հրապարակել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա զգալի և ռեկորդային է որակել նաև վերադարձի ցուցանիշները։

«Այս տարվա համար մենք վերադարձրել ենք 182 մլրդ հարկ վճարողներին՝ ավելացված արժեքի հարկի գծով հիմնականում: Այսօր նախատեսում ենք վերադարձնել ևս 3 մլրդ: Այսինքն՝ տարվա ցուցանիշը կլինի շուրջ 185 մլրդ: Տարբերությունները նաև նշեմ, համեմատականը եկամտային մասի 2021 թվականի 2020 և 2019 թվականների հետ: Մենք 200.5 մլրդ 2020 թվականի նկատմամբ ենք ավելի հավաքագրել կամ 14.5 տոկոս և 121.4 մլրդ կամ 8.3 տոկոս՝ 2019 թվականի նկատմամբ: Իսկ վերադարձի ցուցանիշները, քանի որ 2019 թվականին 180 մլրդ էինք վերադարձրել, իսկ 2020 թվականի 140 մլրդ, 2020 թվականի նկատմամբ 42.1 մլրդ ավելի ենք վերադարձրել կամ 30.1 տոկոս, իսկ 2019 թվականի նկատմամբ 1.7 մլրդ կամ 1 տոկոս, եթե հաշվի չառնենք այս 3 մլրդը, որն այսօր ենք վերադարձնելու: Եվ մեկ հետաքրքիր ցուցանիշ. դրույքաչափերի փոփոխություն ենք ունեցել և մետաղի արտահանման համար պետական տուրք է սահմանված եղել, որը միանշանակ իմ հնչեցրած եկամուտների հավաքագրման թվի վրա ազդել է: Մեկ ցուցանիշ հրապարակեմ, որում այս տվյալները ներառված չեն, այսինքն՝ առանց դրոշմանիշային վճարների և առանց մետաղի տուրքի: 2021 թվականի համար այս երկու ցուցանիշները հանած, 1 տրիլին 531 մլրդ ենք հավաքագրել, 2019 թվականին 1 տրիլիոն 456 մլրդ էր, 2020 թվականին 1 տրիլիոն 376 մլրդ, այսինքն՝ 2020 թվականից ավելի հավաքագրվել է 154.4 մլրդ կամ 11.2 տոկոս, 2019 թվականի նկատմամբ 74.8 մլրդ կամ 5.1 տոկոս»,-ասել է ՊԵԿ նախագահը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ օպերատիվ տվյալների համաձայն՝ 2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 86 տոկոս:

«Մենք ինքներս մեզ համար այս ցուցանիշով պետք է նշաձող սահմանենք եկող տարվա համար: Եկող տարվա համար մեր բյուջեի առանձնահատուկ տարբերությունն այն է, որ առկա է կապիտալ ծախսերի բարձր մակարդակ: Որոշ կարծիքների համաձայն՝ այն դժվարություններ է ստեղծելու կառավարության համար, մարտահրավեր է: Եվ մենք պետք է այնպես անենք, որ այդ բարձր պլանավորված ցուցանիշը մեր իսկ ապահոված կատարողականի նկատմամբ ավելի նվազ չլինի: Ես խնդրում եմ մեր գործընկերներին, որ հենց առաջին օրից ուշադիր լինենք այս ցուցանիշին»,-ասել է ֆինանսների նախարարը:

Лента

Рекомендуем посмотреть