«Հաջորդ սերունդներին ոչ թե շարունակաբար բարդացող պրոբլեմներ ժառանգենք, այլ ժառանգենք կայուն իրավիճակ»․ Փաշինյանը՝ անելիքների մասին - RadioVan.fm

Онлайн

«Հաջորդ սերունդներին ոչ թե շարունակաբար բարդացող պրոբլեմներ ժառանգենք, այլ ժառանգենք կայուն իրավիճակ»․ Փաշինյանը՝ անելիքների մասին

2021-12-30 17:16 , Политика, 1247

 «Հաջորդ սերունդներին ոչ թե շարունակաբար բարդացող պրոբլեմներ ժառանգենք, այլ ժառանգենք կայուն իրավիճակ»․ Փաշինյանը՝ անելիքների մասին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարչապետի առաջակությամբ մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նահատակների:

«Հարգելի գործընկերներ, սկսում ենք կառավարության 2021 թվականի եզրափակիչ վերջին նիստի աշխատանքները: Օրակարգը հաստատելուց առաջ ես նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքի համար: 2021 թվականը հետպատերազմյան հետևանքների արտահայտման տարին էր, և մեզնից շատ լուրջ ջանքեր պահանջվեցին, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում և նրա շուրջ իրավիճակը կարողանանք պահել կառավարելի: Այո, ցավոք, 2021 թվականի մեկնարկին մենք հենց այդպիսի խնդիր ունեինք: Բնականաբար չէինք ցանկանա, որ այդպիսի օրակարգ ունենայինք, բայց նաև այդպիսին էր իրողությունը: Պետական կառավարման համակարգից շատ մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի կարողանանք անցնցում հաղթահարել ներքին իրադրության բերումով 2021 թվականը: Արտաքին միջավայրում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ: 2021 թվականի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրանից բխող հետևանքները, նաև նոյեմբերի 16-ի տեղի ունեցած միջադեպն էլ ավելի են ընդգծում անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները:

Ես առաջարկում եմ, որ մենք մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգենք 2021 թվականի ընթացքում և նաև նախկինում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ այնուհետև անդրադառնալով կառավարության 2022 թվականի անելիքներին։

«2022 թվականին պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի վերելքի և վերածննդի տարի լինի: Սա է մեր այսօրվա հիմնական ուղերձը: Պարզ է, որ հետպատերազմյան օրակարգը և հետևանքները դեռ իրենց երկար են զգացնել տալու, և մենք պետք է քայլ առ քայլ, հետևողականորեն հաղթահարենք այդ վիճակը և փորձենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են արտաքին օրակարգում: Իմ համոզմունքը հետևյալն է՝ մենք պետք է մեզնից կախված հնարավորն անենք լուծումների գնալու համար: Մենք պետք է մեզնից հնարավոր ամենն անենք, որպեսզի հաջորդ սերունդներին և հաջորդ կառավարություններին ոչ թե շարունակաբար բարդացող պրոբլեմներ ժառանգենք, այլ ժառանգենք կայուն իրավիճակ, արձանագրված, ամրագրված իրավիճակ, ինչն առանցքային նախապայման է երկրի հետագա բնականոն զարգացումն ապահովելու համար: Մյուս կողմից սա, իհարկե, հեշտ չէ, և որքան էլ մեր պատրաստակամությունը մեծ է մեր վրա վերցնելու որոշումներ կայացնելու պատասխանատվությունը, պետք է նաև արձանագրենք, որ այդ որոշումների կայացումը հաճախ միայն մեզնից չէ կախված: Սա ամենակարևոր արձանագրումն է: Մենք պետք է կարողանանք հասունացնել մի այնպիսի գործընթաց, որ կարողանանք ի վերջո արձանագրել իրավիճակը և մեր հռչակած՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը հասցնել լրումին»,-ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է հետևողականորեն գործել ու չշեղվել նախապես հրապարակված ու ՀՀ քաղաքացիների հավանության արժանացած օրակարգից։

«Այս գործում հաջողություն եմ մաղթում: Այդ թեմայի և 2022 թվականի անելիքների մասին ավելի մանրամասն կխոսենք 2022 թվականի կառավարության առաջին նիստում»,-հավելել է Փաշինյանը:

Կառավարության այսօրվա նիստի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть