Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ նիստը:
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ բացելով նիստը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Բարև ձեզ հարգելի գործընկերներ:
Ինչպես գիտեք, սույն թվականի հունվարի 15-ին վարչապետի որոշմամբ ստեղծվեց Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ, և մենք այսօր հավաքվել ենք՝ ամփոփելու աշխատանքային խմբի այս տարվա արդյունքները: Պիտի արձանագրեմ, որ 2021 թվականի ընթացքում Սյունիքի մարզում աշխատանքային խմբի խողովակով հատկացվել և իրականացվել է շուրջ 1.1 մլրդ դրամի ծրագիր: Այդ ծրագրերն ունեն բավական լայն ընդգրկում՝ գյուղատնտեսությունից մինչև սպորտ, և կարծում եմ, որ այս նոր միջավայրում կարևոր նշանակություն են ունեցել և ունեն Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելու ու ամրապնդելու նկատառումով:
Ցանկանում եմ ընդգծել, որ այսօր էլ, իհարկե, հիմա այս պահին կարճ ժամանակով ընդհատված են մինչև ամանորյա տոների ավարտը, Սյունիքի մարզում լայն թափով ընթանում, իրականացվում է այլընտրանքային ճանապարհների շինարարություն: Սա նույնպես չափազանց կարևոր ծրագիր է:
Ուզում եմ ասել նաև, որ մենք Սյունիքի մարզում միայն աշխատանքային խմբի խողովակով չէ, որ ծրագրեր ենք իրականացնում: Կուզենայի մի քանի ծրագրերի մասին խոսել: Մասնավորապես՝ կրթական ոլորտի: Հանրակրթության ոլորտում մեր ռազմավարական բարեփոխումները որոշել ենք սկսել հենց Սյունիքի մարզից, և այդ նոր մոդելն առաջինը փորձարկվում է Կապան խոշորացված համայնքում՝ Սյունիքի մարզկենտրոնում, որտեղ ծրագիր իրականացնելու համար Կառավարությունը 9 մլրդ դրամի հատկացում է իրականացնում: Այսպիսի ծրագրեր կներդրվեն նաև Սյունիքի մյուս խոշորացված համայնքներում:
Ցանկանում եմ հիշեցնել նաև, որ Եվրամիության հետ համագործակցության արդյունքում նախատեսվում է շուրջ 80 մլն եվրոյի ծրագիր իրականացնել Սյունիքի մարզում՝ զուտ մարզի դիմակայունությունը բարձրացնելու ծրագրի շրջանակում:
Այսօր մենք ակտիվ աշխատում ենք Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացման վրա՝ մասնավորապես, Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների շինարարությունը: Հույս ունենք գործընթացն արդեն մեկնարկել 2022 թվականի ընթացքում: Դա շատ խոշոր ծրագիր է, ընդ որում, ներառում է մի քանի կամուրջներ, 2 թունել՝ 7 և 8 կմ երկարությամբ: Ծրագիրը նույնպես շատ էական ազդեցություն է ունենալու ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար:
Ուզում եմ ընդգծել նաև, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման նույնպես էական գործոն է Սյունիքի մարզի հետագա զարգացման համար: Մենք արդեն հայտարարել ենք, որ մեկնարկում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու Մեղրիի հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքները: Պիտի ընդգծեմ, որ այո, իհարկե, մեզ բոլորիս հայտնի հանգամանքների բերումով, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման ակնհայտորեն և հանրահայտ ձևով նաև որոշակի խնդիրներ և վտանգներ է պարունակում, բայց պիտի ընդգծեմ նաև, որ շատ մեծ հնարավորություններ է պարունակում: Մենք պետք է հետևողականորեն և համբերատար աշխատենք, որպեսզի վտանգները կառավարենք, իսկ հնարավորություններն ընդգծենք և կարողանանք ծառայեցնել Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ Սյունիքի մարզի հետագա բնականոն զարգացմանը»:
Վարչապետի խորհրդական, աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը, անդրադառնալով խմբի գործունեությանը, նշել է, որ առայսօր գումարվել է 17 նիստ՝ Սյունիքի տարբեր բնակավայրերում: Խումբը գործել է շուրջօրյա աշխատանքի ռեժիմով և փորձել հնարավորինս օպերատիվ արձագանքել խնդիրներին՝ շեշտը դնելով հատկապես սոցիալական, տնտեսական, անվտանգային բաղադրիչների վրա:
Ապա աշխատանքային խմբի անդամ՝ պատկան գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Ներկայացվել են պաշտպանության, անվտանգ երթևեկության, ճանապարհաշինության, բնակարանաշինության, սոցիալական հարցերի լուծման, ենթակառուցվածքների բարելավման, շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ միջոցառումները:
Վարչապետին զեկուցվել է Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) - Բարձրավան, Տանձավեր – Շուռնուխ, Որոտան - Խոտ և Տ-8-49, /Տ-8-48/ - Լծեն ճանապարհահատվածների կառուցման/վերակառուցման ընթացքի մասին: Նշվել է, որ ընթացքի մեջ են գրունտային վիճակի ապահովման աշխատանքները, որոնք կերաշխավորեն այս ճանապարհահատվածների երթևեկելիությունը բոլոր տիպի մեքենաների համար, տարվա բոլոր եղանակներին: Նախատեսվում է, որ 2022թ. դրանք ամբողջությամբ ասֆալտապատված կլինեն: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է նշված ճանապարհների կարևորությունը և հանձնարարել հնարավորինս արագացնել շինարարության ընթացքը:
Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել Շուռնուխում կառուցվող թաղամասի շինարարության վերաբերյալ: Զեկուցվել է, որ աշխատանքները շարունակվում են, նախատեսվում է դրանք ավարտել պայմանագրով սահմանված ժամկետում՝ 2022 թ. առաջին կիսամյակում:
Վարչապետը հետաքրքրվել է նաև Սյունիքում գյուղոլորտի ներուժի ուսումնասիրության ուղղությամբ քայլերով: Ներկայացվել են ջրարբիացման համակարգերի կառուցման, գյուղտեխնիկայի տրամադրման, բիզնես նախաձեռնությունների խթանման, մի շարք համայնքներում նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ իրականացված միջոցառումները: Այս համատեքստում ընդգծվել է օժանդակություն ցուցաբերող փորձագիտական խմբի կարևոր դերը: Ռոբերտ Ղուկասյանը զեկուցել է, որ փորձագիտական խմբի կողմից ներկայում կատարվում է գյուղատնտեսական նշանակության հողերի թվայնացման աշխատանք, որը նախատեսվում է ավարտել մեկ ամսից: Արդյունքում ակնկալվում է ունենալ տնտեսական ներուժի գնահատում ըստ համայնքների, որի հիման վրա էլ յուրաքանչյուր համայնքի համար մշակվելու է գյուղատնտեսական ապագայի ծրագիր: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է աշխատանքն ավարտելուց հետո արդյունքները քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ և, որպես արդյունավետ գնահատվելու դեպքում, այն իրականացնել նաև մյուս մարզերի համար:
Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր և գաղափարներ, ներկայացվել են առաջարկներ:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել աշխատանքային խմբի և փորձագիտական խմբի անդամներին կատարված աշխատանքի համար և ընդգծել՝ Սյունիքի մարզի զարգացման օրակարգը բավական ընդգրկուն է և պետք է համբերատար աշխատել նախանշված առաջնահերթությունների կյանքի կոչման ուղղությամբ: