ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ ՔՈ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ձեռք բերել, որ Երևանում բնակվող երեք երիտասարդ զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։
Մասնավորապես, ըստ հրապարակման, նրանք ձեռք են բերում տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրում են տարբեր վայրերում և տելեգրամ հավելվածում բացված «նարկոդիսպանսեր», «նարկոլոգ», «լյուսի» և «պրոֆեսսոր» էջերի միջոցով վաճառում են տարբեր անձանց։
Դեկտեմբերի 17-ին ՔՈ ծառայողները մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի 29 շենքի մոտից, փաթեթով թմրամիջոցը ձեռք բերելու պահին, բռնել և Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 35-ամյա տղամարդու։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին։
Նույն օրը Երևանի տարբեր հատվածներում հայտնաբերվել ու բերման են ենթարկվել վերը նշված տելեգրամյան էջերի միջոցով թմրամիջոցներ իրացնող երեք երիտասարդը, որոնք ձերբակալվել են։
«Նրանցից մեկի խուզարկությամբ երկու փաթեթ մեթամֆետամին հայտնաբերվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՔԿ հատուկ կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչության ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին թմրամիջոցներ իրացնելու կասկածանքով բերման ենթարկված երիտասարդներից մեկի բնակության վայրում՝ հայտնաբերելով տարբեր քաշով մեթամֆետամին, մարիխուանա, էլեկտրական կշեռք, թմրամիջոցները փաթեթավորելու համար նախատեսված ստվարաթղթեր, կպչուն ժապավեն և այլն։ Ձերբակալված երիտասարդներից երկուսը կալանավորվել են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,-ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։