Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն՝ ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես էլ շտապ օգնության կանչերում։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնագետների կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է՝ 2․2 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 2 անգամ։
Առողջապահական գերատեսչության փոխանցմամբ՝ ըստ տարիքային խմբերի վերլուծությունը փաստում է, որ հիվանդացությունն առավել բարձր է՝ մինչև 4 և 5-14 տարեկանների շրջանում։
ՀՎԿԱԿ Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի մանկաբույժ Պիրիջիդա Սիմոնյանի խոսքով՝ գրիպի հարուցիչները տարեցտարի փոխվում են և, հաշվի առնելով ինչպես այդ, այնպես էլ պատվաստանյութի նախատեսած պաշտպանության տևողության հնարավոր փոփոխման փաստը, գրիպի դեմ պատվաստումը խորհուրդ է տրվում իրականացնել ամեն տարի։
Մասնագետի փոխանցմամբ՝ հանրապետությունում ներկայում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսը և, հատկապես կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում, կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում՝ սեզոնային գրիպի կանխարգելման կարևորությունը, իսկ կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը, նշում է, պատվաստումն է։
Ինչու՞ պատվաստվել․ հարցի շուրջ «Ռադիո Վան»-ը զրույցել է Պիրիջիդա Սիմոնյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հավելենք՝ հանրապետությունում սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ,
6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,
65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:
Ազգաբնակչության այլ խմբերի համար ևս սեզոնային գրիպի դեմ պատվաստումը հասանելի է։
Ոլորտի պատասխանատուները հիշեցնում ու ընդգծում են՝ սեզոնային գրիպի դեմ պատվաստումը պաշտպանում է տվյալ սեզոնի ընթացքում առավել տարածված գրիպի ենթատեսակներից, այլ սուր շնչառական վարակներից այն չի պաշտպանում։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան