«Երբ Սերժ Սարգսյանի արձանագրած անիրատեսական ու անընդունելի պահանջները ընդունեի՝ պատերազմը կկանխեի․․․չեմ ուզում ինձ արդարացնեմ, ինձ արդարացում չկա»․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

«Երբ Սերժ Սարգսյանի արձանագրած անիրատեսական ու անընդունելի պահանջները ընդունեի՝ պատերազմը կկանխեի․․․չեմ ուզում ինձ արդարացնեմ, ինձ արդարացում չկա»․ Փաշինյան

2021-12-24 23:04 , Политика, 1032

«Երբ Սերժ Սարգսյանի արձանագրած անիրատեսական ու անընդունելի պահանջները ընդունեի՝ պատերազմը կկանխեի․․․չեմ ուզում ինձ արդարացնեմ, ինձ արդարացում չկա»․ Փաշինյան

«Ավտոճանապարհների հետ կապված մեր սկզբունքային դիրքորոշումը մնացել է նույնը: Բրյուսելում ես և Ադրբեջանի նախագահը փորձեցինք մտնել մանրամասների մեջ, փորձեցինք հասկանալ՝ ինչն է պատճառը, որ մենք արտահայտում ենք ահա այսպիսի դիրքորոշումներ, որովհետև հրապարակային հնչող դիրքորոշումներն այսբերգի երևացող կողմն են։ Բայց կան խնդիրներ և պատճառներ, որոնց պատճառով մենք այս կամ այն դիրքորոշումն ենք արտահայտում։ Երբ մտանք մանրամասների մեջ, անկեղծ ասած, մանրամասների քննարկման մեջ այդտեղ էլ տեսա հնարավորություն, որ մենք կարող ենք գալ որոշակի լուծումների, որտեղ թե մեր դիրքորոշումները, թե Ադրբեջանի առաջ քաշած զուտ գործնական խնդիրները կարող են իրականում լուծում ստանալ»,-այդ մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ադրբեջանցի 2 սահմանախախտի վերադարձմանը, Փաշինյանն հայտնեց, որ Հայաստանը նրանց վերադարձրել է առանց նախապայմանների․ «Որևէ բանի դիմաց չենք վերադարձրել, որովհետև մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մենք մարդկանց, այսպես ասած, սակարկություններով ենք զբաղված: Մենք մեր դիրքորոշմամբ ի ցույց ենք դրել մեր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին ու կանոններին»։

Խոսելով այն մասին, որ իրեն մեղադրում են հողերը հանձնելու մեջ՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Իրականում սա անհիմն մեղադրանք է։ Բայց կա լեգիտիմ մեղադրանք. ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ, և դա կլինի լեգիտիմ մեղադրանք։ Եթե որևէ մեկն ինձ ասի, թե դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք է ուղղակի հանձնել այդ հողերը, տարածքները, որպեսզի պատերազմ չլինի, դա կլինի լեգիտիմ մեղադրանք»։

ՀՀ վարչապետի դիտարկմամբ՝ «եթե Հայաստանը դիվանագիտական ճկունություն ցուցաբերեր, 2016 թվականի պատերազմը տեղի չէր ունենա»։

Այդ համատեքստում Փաշինյանը պատմեց 2016 թվականի պատերազմի վերաբերյալ իր և Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի խոսակցության մասին։

«Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում միջոցառում էր կազմակերպված, այնտեղ էր նաև Արկադի Տեր-Թադևոսյանը։ Երբ դուրս էինք գալիս՝ առաջարկեցի իրար հետ գնանք Երևան ու ողջ ճանապարհին հետաքրքրվում էի նրանից ապրիլյան պատերազմի մասին։ Հարցրեցի՝ ի՞նչ էր դա: Արկադի Տեր–Թադևոսյանն էլ ասաց՝ «это была разведка боем», այսինքն՝ ինքն իր համոզմունքն էր հայտնում, որ դա հետախուզական գործողություն է հետախուզական գործողությունը նախորդում է պատերազմական որոշակի պլանի կիրառմանը, փորձարկվում է ու որոշակի սրբագրումներ է արվում։ 2016 թվականի ապրիլյան պատերազմը կարելի էր կանխել այն պայմաններով, ինչ պայմաններով ես կարող էի կանխել 2020 թվականի սեպտեմբերի պատերազմը։ Կարո՞ղ էի ես կանխել պատերազմը, իհարկե, կարող էի, երբ Սերժ Սարգսյանի արձանագրած անիրատեսական ու անընդունելի պահանջները ընդունեի, պատերազմը կկանխեի, բայց հիմա ես ասում եմ, որ այդ ամեն ինչը չընդունելը, գուցե թե, լեգիտիմ մեղադրանք է իմ հասցեին, որ ես պետք է գնահատեի իրավիճակը, գայի ու ասեի՝ ժողովուրդ, գիտեք ինչ, սենց ա իրավիճակը, պետք է գնալ զիջումների, որ պատերազմից խուսափենք։ Հիմա ես շատ եմ դրա մասին մտածում, բայց ուրիշ բան էլ կա՝ ես պետք է ինձ համոզեի, որ ճիշտ է դա։ Ես հիմա չեմ ուզում բաներ ասեմ, որ թվա, թե ուզում եմ ինձ արդարացնեմ, չեմ ուզում ինձ արդարացնեմ, ընդհանրապես, ինձ արդարացում չկա», –անկեղծացավ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть