«Աշխատողներին գործատուն այլևս չի կարող ասել, որ կգնաս ու քո գրպանից կհանես գումարն ու կմուծես ՊՇՌ հետազոտությունների համար». Սահմանադրական դատարանն (ՍԴ) այսօր հրապարակած որոշմամբ հակասահմանադրական ճանաչեց ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի այն հատվածը, որով աշխատողի նկատմամբ պարտավորություն էր սահմանվում ս.թ. հոկտեմբերի 1-ից որոշակի պարբերականությամբ գործատուին ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։
Հիշեցնենք՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով դատաքննությունը բարձր դատարանում մեկնարկել էր նոյեմբերի 25-ին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի՝ «Հայաստան» դաշինքի դիմումի հիման վրա:
Որոշումը ներկայացնող ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց.
«Առողջապահության նախարարի հրամանի՝ «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչվեց Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ նկատի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների՝ աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարի՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից»:
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
«Առողջապահության նախարարի հայտնի հրամանի ամենամեծ խնդիրը նրանում էր, որ ՀՀ բոլոր աշխատողների վրա դրվում էր պարտականություն՝ իրենց սակավ միջոցների հաշվին կատարել ՊՇՌ հետազոտումների ծախսերը։ Այդ մասով ճանաչվեց սահմանադրությանը հակասող և անվավեր։ Սա մեր դիմումի անկյունաքարերից մեկն էր։ Շատ կարևորում եմ, որ հենց այդ մասով ՍԴ-ն իրականացրեց լիարժեք արդարադատություն»,-լրագորղների հետ զրույցում անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը՝ ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը՝ շեշտելով, որ աշխատողներին գործատուն այլևս չի կարող ասել, որ կգնաս ու քո գրպանից կհանես գումարն ու կմուծես ՊՇՌ հետազոտությունների համար։
«Բայց եկեք մի բան ընդգծենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ լավագույն միջոցը պատվաստումներն են»,-միաժամանակ շեշտեց Վարդևանյանը, ով ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրեց.
«ՊՇՌ հետազոտումների ծախսը մեր Հայրենակիցների վրա թողնելը ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է: Բարձր դատարանի ՈՐՈՇՈւՄ:
Ժողովուրդ ջան կներեք, որ այսքան ամիս այս իշխանությունների հերթական հակասահմանադրական վարքագծից տուժեցիք...»:
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած հրամանը, համաձայն՝ որի աշխատողները հոկտեմբերի 1-ից յուրաքանչյուր 14 օրը մեկ, իսկ դեկտեմբերի 1-ից՝ յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Պահանջը չի վերաբերում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին, հղիներին։
Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքը դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելու նախարարի վերոնշյալ որոշումը՝ հայտարարելով, որ «պատվաստումը պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը»։
Կառավարության նիստերից մեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցադրմանը, թե ինչպե՞ս կարելի է մարդկանց համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր սահմանել, հայտարարել էր.
«Մարդկանց համար ամենևին որևէ լրացուցիչ ֆինանսական ծախս չի սահմանվում, որովհետև մարդիկ այդ ծախսն անելու անհրաժեշտությունը և կարիքը չունեն: Պետությունը, կառավարությունը, հոգում է, որ այդ բոլոր մարդիկ, մեր սիրելի հայրենակիցները բացարձակապես անվճար ստանան պատվաստում: Այսինքն՝ քաղաքացին ինքն է ընտրում ծախս անե՞լ, թե՞ չանել»: